ահագին անտառներով շրջապատված: Որսական շներով անտառներից դուրս փախցրին բոլոր էրեներին դեպի դաշտ, շղթայաձև շրջապատեցին ամբողջ դաշտը, և բոլոր որսերին կալմեջ արած՝ սկսեցին անխնա կոտորել։
Արեգնազանը թագավորի մոտից չէր հեռանում, և նրանից էլ
քիչ չէր կոտորում. Որսասպանության այս թունդ միջոցին թագավորը
մի եղջերվի հետևից ձին չափ գցելիս, ինչպես պատահեց,
վայր ընկավ ձիուցը, թեև անվնաս, միայն ձին խրտնեց, փախավ,
թագավորը մնաց հետիոտն և իսկույն ընկավ մի արջի առաջ։ Արջը
հետևի ոտների վրա կանգնեց, բերանը բաց արավ և հենց որ ուզում
էր թագավորին իր գիրկն առնել, ջարդել, Արեգնազանը մի ակնթարթի
մեջ նետի պես սլացավ իր ձիով և թրի մի հարվածով կես
արավ արջի գլուխը և վայր գլորեց ամեհի գազանին։ Թագավորն
ազատվեցավ, և Արեգը դարձավ նույն օրվա հերոսը։
— Ա՜յ քեզ բախտ... ինչո՞ւ ես չէի մոտիկ թագավորին...—
ասում էին որսորդներից շատերը...
Թագավորին սույն օրվա պատահած դեպքի լուրը շուտով քաղաք
հասավ, և պատանի որսորդի արած քաջության համբավը մի
րոպեում տարածվեց ամբողջ քաղաքի մեջ։
Տեսնելու բան էր, թե ինչպիսի աղաղակ էին բարձրացնում
քաղաքացիք որսորդների վերադարձին։
- Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ քաջ Արեգը,– գոռում էին միաբերան և երգում.
* * *
Ով է ազատել մեր թագավորին
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից...
Մեր քաջ Արեգը, սիրուն պատանին.
Նա է ազաաել արջի ճանկերից.
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից...
Երկայն նիզակը բերանն է կոխել,
Գլուխը թրով մեջտեղից կիսել.
Ամեհի գազանին գետին կործանել,
Մեր թագավորին անվնաս պահել
Արջի ճանկերից, հա՛՜յ, արջի ճանկերից;
Արեգն է սիրուն արեգակի պես,
Նոր է դուրս եկել որսական հանդես,
Արջի գլուխը արավ երկու կես,
Մեր թագավորին ազատեց այսպես
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից...