Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արեգն է դյուցազն, քաջ ու անվեհեր,
Կեցցե հավիտյան, կեցցե շատ օրեր.
Եթե նա այսօր այնտեղ չլիներ,
Ծեր թագավորին էլ ո՞վ կազատեր
Արջի ճանկերից , հա՜յ արջի ճանկերից։

Արեգնազանն այս ցույցերը տեսնելով ասում էր ինքն իրան.

— Ա՜խ, ի՜նչ լավ բան է տղա լինելը, երանի ես ճշմարիտ տղա լինեի։ Աղջիկը որտեղի՞ց կարող էր այս պատվին արժանանալ…

— Դու այսօր ցույց տվիր ինձ քո շնորհքը, Արեգ,— ասաց թագավորը,— այսուհետև դու ինձնից անբաժան կմնաս։ Ապրի՛ս, տղա՛ս, ապրի՛ս։ Դու մի հազվագյուտ էակ ես, գեղեցկության և ջահելության հետ շատ հաշտ չէ քաջությունը, բայց Երկինքն ուզեցել է քեզ մի բացառություն համարել։ Վաղը դու մեր ձիաններից կընտրես քեզ համար ամենալավը, իմ զենք ու զրահներից՝ ամենից ընտիրները։ Դա ժամանակով դյուցազանց կարգը կընկնիս և հենց այժմ էլ մի փոքրիկ դյուցազն ես… Թագավորը շատ ուրախ էր, որ մի փոքրիկ դյուցազն է գտել, բայց Նունուֆարի ուրախությունը սահմանից անց էր կացել։ — Սրան Երկինքն է ուղարկել ինձ համար,— ասում էր Նունուֆարը ինքն իրան,— բանն այնպես է գնում, ինչպես որ պետք էր ցանկանալ։ Բայց ես ե՞րբ պիտի տեսնեմ նրան երես առ երես, կամ նա ինձ ե՞րբ պիտի տեսնի։ Ա՜խ, ինչքա՜ն ցանկանում եմ, որ հենց այս րոպեիս նա իմ մոտս լինի, մենք միասին կխոսինք, ես նրան կասեմ… նա ինձ կասե … Եվ ինչո՞ւ չկանչել, ինչո՞ւ չխոսել։ Հայրս նրան որդու պես է սիրում, որովհետև իր բարեկամի որդին է, նա ազատ ել ու մուտք ունի բոլոր պալատում։ Այո՛, այո՛, պետք է կանչել։ Է՜յ, ո՜վ կաք այդտեղ։— Կանչեց Նունուֆարը, և ներո մտավ մի աղախին։

— Այս րոպեիս կերթաս Արեգի մոտ և կասես, որ գա ինձ մոտ. ասա՝ «Ե՛կ, ինձ տես»… Աղախինը գնաց և կանչեց Արեգին։

— Չեմ կարող գալ,— պատասխանեց Արեգը:

— Ինչո՞ւ չեք կարող, պարոն, նա հրամայել է,— պնդեց աղախինը։

— Ես նրա մոտ գործ չունիմ, հասկանո՞ւմ ես։

— Պարոն, նա ասում է. «Ե՛կ, ինձ տես»… հասկանո՞ւմ ես…