Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ կա, ինչպե՞ս է աղջկանս առողջությունը. - հարցրեց թագավորը։


— Էլի այնպես է, տեր թագավոր, ինչպես տեսել ես, բայց ես եկել եմ քեզ մի ուրախ առիթ լուր հաղորդելու։


— Ի՞նչ լուր, ասա շուտով, գուցե իմ աղջկանն է վերաբերում, ուրիշ ոչ մի լուր ինձ չի կարող ուրախացնել։


— Այո՛ , այո՛: Այս գիշեր երազումս երևաց մեր թագուհին և ասաց ինձ, որ Նունուֆարի միակ դեղը անմահական ջուրն է։


— Անմահական ջո՜ւր,– բացականչեց թագավորը. — բայց ո՞վ կարող է բերել այդ անմահական ջուրը, որի միայն անունն ենք լսած, իսկ իրան չենք տեսած։


— Ես հարցրի այդ մասին թագուհուն, և նա ասաց, որ միայն Արեգը կարող է բերել...


— Արեգը, լա՞վ, ես կուղարկեմ Արեգին, թող երթա իր բախտը փորձե...


Թագավորը կանչեց Արեգին և առաջարկեց նրան գնալ անմահական ջրի։


— Գնա, տղաս, եթե կարողանաս այդ ջրից բերել և իմ աղջըկանս առողջացնել, ես նրան քեզ կտամ և նրա հետ իմ թագավորությունը։


— Այդ խոստումն էլ որ չլինի, տեր արքա, ես պատրաստ եմ հնազանդիլ քո հրամանին,— ասաց Արեգը.— դու ինձ ասա միայն՝ որտե՞ղ է գտնվում այդ անմահական ջուրը։


— Նրա տեղն ո՞վ կիմանա, որդի։ նա մի առանձին պարգև է, մի առանձին ողորմելիություն և շնորհք, որ բարի ոգիները միայն իրանց ընտրածին են տալիս։ Թեպետ լսած ենք, թե նա մի աղբյուր է, թե նրա վրա հսկում են աներևույթ ոգիները, որ նա երբեմն բխում և երբեմն անհայտանում է, բայց այդ ո՞վ գիտե։ Դու երեսդ կդարձնես դեպի արևելք, կընկնես երկրե երկիր, աշխարհքն աշխարհք, ամեն տեղ հարցուփորձ կանես, կամ կգտնես, կամ չես գտնիլ. այդ քո ճակատագրից, քո բախտիցն է կախված, բայց ինչ էլ որ լինի, հաջողություն, թե անհաջողություն, դու շատ բան կտեսնես և շատ բան կսովորես։ Իմ գանձարանը բաց է քեզ համար, որքան կարող ես, հետդ ոսկի և ակնեղեն վերցրու, շատ տեղ հար¬ կավոր կգա...