Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3


Արեգնազանը գնաց։


Զարմանալի մի էակ էր Արեգնազանը. միշտ աշխույժ ու զվարթ, միշտ անահ ու անհոգ, նեղության մեջ ընկած ժամանակ ևս իր ուրախ տրամադրությունը չէր փոխում։ Նա գնաց իր Բազիկ ձիով, որ երեք֊չորս օրվան ճանապարհը մեկ օրում էր անցնում։ Սա պտտեց մի քանի թագավորություն, շատ տեղ հարցուփորձ արավ, շատ բան տեսավ, շատ նեղություններից ազատվեցավ, մինչև հասավ կախարդական աշխարհը, ուր ամեն մի քայլափոխում մի նոր հրաշք էր տեսնում, մի նոր զարմանալիք։


Մեկ օր սաստիկ արև էր։ Շոգը որ շատ նեղեց Բադիկին, Արեգնազանը իջավ մի լճի մոտ, Բադիկին քաշեց կապեց մի խիտ ստվերի մեջ, ինքն էլ մոտը նստեց, հանեց իր ճամփի պաշարը և սկսեց ճաշել։ Հենց այդ միջոցին մեկ էլ տեսավ, որ ահա մի խումբ աղավնիներ թռան եկան և իջան լճի ափին՝ իրանից շատ մոտիկ։ Նետաղեղը լարեց, որ մի որս անի, մեկ էլ տեսավ, որ բոլոր աղավնիները հանեցին փետուրները և աղջկերք դաոնալով՝ թափվեցան ջուրը լողանալու։


Արեգնազանը մնաց ապշած մի րոպե. հետո մտածեց նրանց հետ մի խաղ խաղալ և տեսնել ինչ կլինի հետևանքը։ Կուզեկուզ մոտեցավ ափին, այնպես որ իրան չտեսան, վերցրեց նրանց մեկի փետուրները։ Երկու մեծ թև էր աղավնու, մնացած փետուրներն էլ վրան։


Չանցավ մի քանի րոպե, բոլոր աղջկերքը դուրս եկան, հագան իրենց թևերն ու թռան, բայց մեկը, որ իր թևերը չգտավ, ամաչեց մերկ կանգնել ջրի ափին, իսկույն իրան գցեց ջուրը։ Արեգնազանը այդ նկատելով, թևերը ձեռին մոտեցավ աղջկանը։ Աղջիկը ջրումն ընկղմված, միայն գլուխը դուրս հանած, մոտեցավ Արեգնազանին և սկսեց երգել.


* * *


Ա՛յ տղա, սիրուն տղա,
Թևերըս տար, թևերըս,
Թևերըս տար, թոչւմ գնամ,
Ինչ կամենաս, քեզ կըտամ:


Իմ օրումս չեմ տեսած
Քեզ պես սիրուն մի տղա,