Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր պարը. խոհարարը շարունակեց մսի քափը քաշելր, և բոլորն այսպես... Որ մի մարդ, բացի թագավորից, չիմացավ, որ նա երբեվիցե քարացած է եղել։


— Հիմա ի՞նչ անենք այս չար պառավին,— ասաց թագավորը։


— Գավազանները ձգենք ծովը,— պատասխանեց Արեգը,— իսկ պառավին թողենք երթա. դրա զորությունը վերառած է այսուհետև:


Պառավը չուզեց կենդանի մնալ և ասաց նրանց.


* * *


— Ինձ էլ, ինձ էլ, ծովը ձգեցեք.
Այնտեղից մոտ է Սանդարամետը,
Մահացու կյանքից ինձ ազատեցեք,
Թող ինձ ընդունի Սատանապետը։
Լրացավ արդեն մի հազար տարին,
Որ ես գործիչ եմ մեծ Բելիարի,
Միշտ չար գործեցի, չիմացա բարին,
Թող այժմ նորա կամքը կատարի։




Դեռ պառավն իր խոսքը չէր ավարտել, որ թագավորի մեծ վեզիրն ու սպարապետը եկան և խոր գլուխ տալով թագավորին ասացին.


— Տե՛ր արքա, բոլոր զորքը պատրաստ է, քո մեծության հրամանին ենք սպասում։


— Ինչո՞ւ համար եք պատրաստել զորքը,— հարցրեց թագավորը զարմանալով։


— Մենք կատարեցինք քո հրամանը, թշնամու զորքը մոտենում է, պետք է նրա առաջքն առնել։


— Սպասեցե՛ք, սպասեցե՛ք... այո՛, այո՛, ես հիմա հիշում եմ... այդ մեզանից ուղիղ քառասուն տարի առաջ էր, ինչ որ ասում եք. մեր քարանալու օրն էր... թշնամու զորքերը եկան և մեզ քարացած գտնելով՝ սարսափած փախան...


Վեզիրն ու սպարապետը իրար երես նայեցին և շշնջացին միմյանց.— թագավորը խելագարվել է...— Այո՛, այո՛, զարմանալի փոփոխություն, երեկ չէ՞ր, որ մոտն էինք, մեկ օրվա մեջ ծերացել է...


— Տեսնո՞ւմ եք դուք այս պառավին,— ասաց թագավորը,— սա է մեր քաղաքի քարացնողը։ Քառասո՛ւն տարի շարունակ մեր քաղաքը քարացրած պահեց...