Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՛վ սև ագռավ,
Դահի՛ճ պառավ…
Քեզ զարկում եմ
Չա՛ր մահակով,
Դագանակո՜վ,
Որոտմունքի
Թո՛ւնդ մտրակով,
Կայծակների
Ահե՛ղ զարկով,
Անեծքս առ,
Դարձի՜ր լեռ քար․․․

Ասաց ու զարկեց գավազանը, և պառավը դարձավ մի դաժանատեսիլ քարե արձան։ Հետո դաոնալով վեզիրին ու սպարապետին, ասաց Արեգը.

Հիմա ամառն է, բայց դուք չըգիտեք․
Այս շոգ կրակին մուշտակ եք հագել,
Ձմեռն է եղել, երբ քարացել եք,
Էնդուր եք հիմա այդ ձևով եկել։
Մարդ ուղարկեցեք մի ուրիշ քաղաք,
Որ գնա բերե ձեր տարեթիվը,
Նրանով կիմանաք ձեր գլխի անցքը,
Կուղղեք ձեր այժմյան սխալ հաշիվը։
Եթե ոչ՝ ես ձեզ էշեր կըշինեմ,
Կամ սև ագռավներ, երթաք կռկռաք.
Որ այնուհետև ձեր թագավորը
Ւնչ որ ձեզ ասե՝ իսկույն հավատաք․․․

—Օ՜… ես հիմա հավատամ եմ, հավատում,— ասաց վեզիրը,— այս աչքովս տեսնելուց հետո՝ էլ չեմ կարող չհավատալ… ճշմարիտ որ ձմեռն է եղել, իսկ հիմա… ամառն է… այո՛, ամառն է…

— Ես էլ եմ հավատում, ես էլ․․․ չեմ ուզում ոչ էշ և ոչ ագռավ դաոնալ, իսկ քարանալու ախորժակ բնավ չունիմ… իրավ, ի՜նչ շոգ է այսօր, քիչ է մնում, որ այրվիմ…

— Տեր արքա, ճաշը պատրաստ է, թագուհին ձեզ է սպասում,— ասաց մի պալատական, խոր գլուխ տալով թագավորին։

— Երթա՛նք, երթա՛նք մի կտոր հաց ուտենք,— ասաց թագավորը։ — Ահա քառասուն տարի է, որ պատառ չեմ դրել բերանս, բայց ուղիղն ասեմ, չեմ էլ քաղցել։ Միայն ծարավս շատ էր տանջում