Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փայլ ոգին, ամենքը տեսան, և ամենքն էլ, կարծես խոսք մեկ արած, միաձայն քրքիջ բարձրացրին՝ փա՜ռ-փա՜ռ ծիծաղելով։ Այդ ծիծաղից անմասն չմնաց և ինքը Նունուֆարը։ Նա էլ ծիծաղեց, կարծես ուրիշների տեղիք տալուն էր սպասում, որ մի կուշտ ծիծաղի։

Այս էլ որ տեսան մի վայրկյան առաջ սգավոր հանդիսականները, բոլորովին միամտվեցան, էլ ուշադրություն չդարձրին Նունուֆարի վրա և սկսեցին փոխ առ փոխ գգվել ու համբուրել Արեգին։ Թագավորը իր գիրկն առավ Արեգին և սկսեց երեխայի նման հեկեկալ։ Թագավորի ուրախության զգացումն անսահման էր։ Նա մի վայրկյանում երկու որդի էր գտել, մինը կորած տեղից, մյուսը՝ մեռած տեղից։ Ամենքի աչքերից ուրախության և զմայլմունքի արտասուք հոսեց։

Հանդիսականների այս տեսակ իրարանցումից օգուտ քաղելով՝ Նունուֆարը ծտի պես վեր թռավ տեղիցը, փախավ մտավ մի այլ սենյակ, այնտեղ շուտով հագնվեցավ, զուգվեցավ, թագուհու վայել զարդարանքներով և դուրս եկավ հանդիսականների մեջ այնպես ուրախ ու զվարթ և այնպես առողջ, որ հիացան ամենքը, բայց մանավանդ Արեգը, որի համար մի բոլորովին նոր արև ծագեցավ։

Եթե Արեգը մի վայրկյանում վերակենդանացրեց Նունուֆարին, հիմա էլ Նունուֆարը, իր գեղեցկության ազդեցությամբ՝ Արեգի այնպիսի երակները շարժեց, որոնց միջով կարծես մինչև նույն րոպեն դեռ արյուն չէր խաղացած։ Արեգը մի նոր կյանք զգաց իր մեջ, մի նոր զգացմունք անսահման հաճոյական, բայց ինքն իրան հաշիվ տալ չկարողանալով և միևնույն ժամանակ այդ իրան համար տարօրինակ զգացմունքը զսպել ուզենալով սկսեց խոսիլ խելքը թռցրածի պես.

- Հիմա՜ եմ զգում, որ ես՝ էլ ես չեմ…
Բայց թե ես ո՞վ եմ,- այդ էլ չգիտեմ.
Ինձ Հափշտակեց Աղջիկ Աղավնին,
Եվ տեղս դրավ այժմյան Արեգին.
Անիրավ աղջիկն իմ ուշքս տարավ,
Արեգնազանիս լճի մեջ առավ,
Իր քաղցր երգով ինձ քնացրեց,
Եվ իմ տեղս նա մի ուրիշ դրեց…

Հանդիսականները բերանբաց նայում էին և ոչ մի բան չէին հասկանում Արեգի ասածներից։