Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ափսոս տղա, երևի խելքը կորցրեց, — ասում էին շատերը: Վերջը նունուֆարը մոտեցավ Արեգին և խղճալի կերպով ասաց.


* * *


— Արե՜գ, իմ հոգյա՜կ, ի՞նչ է այդ, ի՞նչ կա,
Գուցե իմ տեսքով քեզ դուր չի եկա.
Դու հանգիստ եղիր. ես կերթամ, կերթա՛մ,
Որ ինձ չտեսնել էլ ոչ մի անգամ...
Ես սիրում եմ քեզ, գիտե Երկինքը.
Բայց այդ չի ուզում գուցե նա ինքը,
Որ չի թույլ տալիս քեզ ինձ ճանաչել,
Եվ հնչպես որ կամ, ինձ այնպես տեսնել.
Երթամ ուրեմն իմ սև օրս լամ,
Քանի որ էլ քեզ պիտի չերևամ։
— Ո՞ւր, ո՞ւր, սպասիր, ես քեզ չեմ թողնի,
Առանց քեզ մի օր՝ էլ ես չեմ ապրիլ.
Թող երկինք գետինք իրար խառնըվին,
Դու կըպատկանիս միայն Արեգին.
Թող ամբողջ աշխարհք տակն ու վրա ըլի,
էլ քեզ ինձանից ոչ ոք չի խլի.
Արարած աշխարհ ես պտըտվեցա,
Գեղեցիկ, սիրուն շատերին տեսա,
Բայց քեզ պես չքնաղ, անհատ, աննման,
Քեզ է ստեղծել Երկինքը միայն.
Դու իմն ես, իմն ես, սիրուն Նունուֆար,
Իմ բոլոր կյանքս կըտամ քեզ համար.
Ինչ սիրտըդ ուզի, ինչ որ կամենաս,
Հրամայիր ինձ, իսկույն կստանաս։
Իմ ասածներս դու չհասկացար,
էնդուր ես կարծում, թե ինձ դուր չեկար.
Ես այն չեմ, այն չեմ, ում որ տեսել ես,
Նա գնա՜ց, կորա՜վ երևույթի պես.
Ես էլ եմ Արեգ, բայց ոչ առաջին,
Նրան գողացավ Աղջիկ աղավնին...
— Եթե այդպես է, ինձնից հեռացի՜ր,
Դու ինձ կյանք ավիր, վարձըդ ստացիր։
— Ես չեմ կյանք տվել, ի՜նչ վարձ կամ ի՜նչ գին,
Դու ինքդ ես իմ կյանքն, իմ սիրտն, իմ հոգին...
— Էլ ես կյանք չունիմ և պիտի մեռնիմ,
Երբ չկա Արեգ, էլ ինչո՞ւ ապրիմ...
— Իզուր մի մեռնիլ, ես էլ եմ Արեգ,
Մի՞թե ես չունիմ նհրա չափ արժեք...
— Բայց դու ուրիշ ես, ինքըդ ես ասում...
Այդ ես ինքս էլ լավ չեմ հասկանում...