Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմքով, Նունուֆարը բռնեց Արեգի ձեռքից մի այնպիսի քնքուշ ժպիտով, որ Արեգը քիչ մնաց նորից թռցներ խելքը։

— Դու մեր Արեգն ես, այնպես չէ՞,— ասաց Նունուֆարը։

— Իհարկե, հոգիս, հապա ո՞վ պետք է լինիմ, - պատասխանեց Արեգը։

— Ուրեմն մենք էլ չենք բաժանվիլ միմյանցից։ Եթե գիտենաս ինչքա՞ն մաշվել եմ քո կարոտով… հիմա եկել ես և հանկարծ ասում ես՝ «Ես՝ ես չեմ»– հապա ո՞վ ես, որ դու չես։

— Ո՛չ, ո՛չ, հիմա ես՝ ես եմ. հիմարն ինձանից խելոք է… Արի չոքենք թագավորի առջև, և նա օրհնե մեզ… Բայց, սպասիր, հայրիկիս չհարցրի, թե ո՞ւր են իմ քույրերը։

— Նրանք այստեղ են։ Քո գնալուց հետո ես ձերոնց բերել տվի, որ քո կարոտը նրանցից առնեմ։ Ես արդեն ուղարկեցի իմաց տալու, հիմա կգան ուր որ է… — Ինչքա՜ն բախտավոր եմ ես ուրեմն, որ այդքան բարի ես եղել դու… Ուրեմն դեռ չշտապենք. գնանք մեր հագուստը փոխենք. հիմա՝ միտս ընկավ։ Անդաս թագավորից ես քեզ համար էլ, ինձ համար էլ հարսանեկան հագուստ եմ բերել։ Նա ընծայեց այդ հագուստները և խնդրեց, որ անպատճառ այդ ունենանք հագներիս մեր հարսանիքին, որին՝ իր ասելով՝ ինքը հոգվով ներկա կլինի։ Ես չէի ընդունում, որովհետև այս րոպեի քաղցրությունն այն ժամանակ երևակայել չէի կարող։ Շատ բաներ եմ տեսել, հետո կպատմեմ քեզ։ Չեմ տեսել միայն քեզ պես մի չքնաղ էակ… ինչքա՜ն գեղեցի՛կ ես դու, Նունի՜կ…

Այսպես խոսելով, ձեռք֊ձեռքի տված, դուրս եկան Արեգն ու նունուֆարը, բայց երկար սպասեցնել չտվին։

Մի քանի րոպեից հետո տեսարանը մի կախարդական ասեմ, թե երկնային, կերպարանք ստացավ։ Պալատի ընդարձակ դահլիճը լցվեցան թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, շքեղ հագուստներով զարդարված։ Այստեղ էին և Արեգի քույրերը։

Երբ որ Արեգն ու Նունուֆարը ներս մտան Անդասի ընծայած հադուստովը զարդարված, անթիվ անգին քարերի ճառագայթները՝ ծիրանի ծովից ծագող արեգակի պես՝ գույնզգույն լուսով լուսավորեցին ամբողջ դահլիճը։

Չոքեցին թագավորի առջև, որ օրհնե իրանց։ Թագավորը մի քանի րոպե չկարաց խոսիլ, հազիվ էր կարո