Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թագավորի օրհնությունն ավարտած-չավարտած, մի նոր լուսով լուսավորվեց դահլիճը: Մի ծիածան կապվեց, ծիածան անտես, աննման, հրաշալի՜ այնքան, որ ամպերում կապվող աղեղը նրա մոտ մի մռայլ ամպ կարելի էր համարել... Ի՛նչ լեզու կարող է պատմել, ի՛նչ գրիչ կարող է գրել կամ ի՜նչ վրձին կարող է նկարել...


Ամենքն էլ նրան էին նայում և տեսնում էին, թե ինչպես էին կազմվում նրա գույները հետզհետե. կարծես աներևույթ ոգիք՝ արագ–արագ վազելով՝ երկնային մատներով մի նոր ծիածան լինեին հինում, և երկնքումը լինին ապրելիս Արեգի ու Նունուֆարի հարսանեկան Կանաչ–Կարմիրը։ Հիրավի, այդ Կանաչ-Կարմիրը, թվում էր, թե դահլիճի առաստաղից շատ և շատ բարձր է և շատ հեռու։


Եվ ահա՛, երբ ծիածանն ամբողջապես պատրաստ էր, նրա վրայով, իբրև մի լուսեղեն սանդուղքով, ցած իջան մի խումբ երկնային թագուհիք՝ աստղերի ճառագայթներից և ձյունափայլ ամպերից գործած հագուստով մի-մի արեգակ... Բայց ի՞նչ արեգակ... եթե ցերեկ լիներ՝ և արեգակը նրանց տեսներ, ամպեղեն մի քող կքաշեր երեսին, որ տեղի տար նրանց լույսին...


Բոլոր երկնային օրիորդները, որոնք թվով մինչև ինը հոգի էին, երկ-երկու պսակաձև փունջեր ունեին ձեռներին, ո՛րը ցողից, քաղած, ո՛րը ծաղիկների գույնից ու հոտից փնջած, որը վճիտ աղբյուրների բյուրեղացած գոհարներից հավաքած, որը քաղցրաշունչ զեփյուռից ու զովարար հովերից հյուսած, որն արևի շամանդաղի մեջ եղած գույնզգույն հյուլեներից կազմած... մի խոսքով՝ լուսեղեն մատներով բնության բոլոր զարդերի ոգին էին քաղել ու փնջել։ Այդ փունջերի անմահական բուրմունքով լցվեցավ բոլոր դահլիճը:


Ամենից առաջ մոտեցան Աղբյուրիկը, Ցողիկը և Ծաղիկը և իրանց պսակները տալով Արեգին ու Նունուֆարին՝ ասացին.


* * *


ԱՂԲՅՈՒՐԻԿ



Ես կարկաչյունն եմ Աղբյուրիկ,
Եկել եմ ձեզ աչքալուսիկ,
Բերել եմ ձեզ բյուրեղահյուս
Ականակիտ վճիտ փնջիկ: