Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՂՎԵՍՆ ՈԻ ԳԱՅԼԸ

(Նոր առակ)

Աղվեսն ու Գայլը շատ մտերմացան
Եվ ընկերացան,
Եվ ահա մեկ օր սրանք կամեցան,
Որ գնան դառնան
Մեկը՝ ոչխարած,
Մյուսը՝ սագարած։
Ու պետք էր հովվի հագուստ հագնեին,
Բայց ո՞ւր գտնեին։
Խելոք աղվեսը չհուսահատվեց,
Գայլ ընկերոջ հետ նա այսպես խոսեց.
— Սիրելի ընկեր, իմացած կենաս,
Որ ինչ չուլ-փալաս
Հագիդ ունենաս,
Հովիվ կըդառնաս,
Մենք գազաններս մեր բունակներով,
Կերակուրներով
Մեկս մեկէլից չենք զանազանվում,
Իսկ մարդ ասածդ իր ոչ մի բանում
Մեզ չի նմանում։
Մարդկանց մեկն ունի սարի նման տուն,
Իսկ մյուսը չունի գետնափոր մի բուն.
Մեկը լափում է հազար տեսակ բան,
Մյուսը չի ճարում ոչ մի շերեփ թան.
Մեկը ծփում է զառ ու ղումաշում,
Մյուսը մերկ, բոբիկ, ոտներն է մաշում.
Այս խեղճերիցն է սարի հովիվն էլ,
Հագուստ ու կապուստ նրան ո՞վ է տվել,
Մի հին թաղիք է վիզն անցկացըրած,
Մի մոթալ փափախ՝ բուրդը դուրս պրծած.
Իսկ այդ ի՜նչ է, որ մենք ձեռք չըբրերենք,
Հովիվից էլ լավ մեզ չըզարդարենք…