Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ղած են եղել. պետք է եղել, որ նրանց ստիպեն։ Արեգի խոսքերից խրախուսվելով՝ առաջ անցավ Ծաղիկը և իբրև, կարգադրիչ՝ մի պար սարքեց։ Ծիածանի կամարը՝ իբրև մի երկնային բյուրեղի քնար՝ թրթռացրեց իր հազարերանգ թելերը և այնպիսի եղանակներ հնչեց, որ թե՛ հողեղենների և թե՛ հրեղենների մեջ ձգեց հրաբորբոք մի աշխույժ։ Ամեն ոք սկսավ թև առնել թռչիլ չափազանց ուրախությունից։ Ծերերն անգամ թռչկոտում էին և ջահելների դանդաղկոտության վրա ծիծաղում։ Հետզհետե այնքան տաքացան, որ էլ զվարճություն չմնաց, որ չանեն։ Ցողիկն ու Աղբյուրիկը այնքան զվարճացրին, որ էլ ոչ ոքի մեջ ուժ չմնաց շատ ծիծաղելուց։ Մերթ Արեգի մորուքիցն էին բռնում, մերթ նունուֆարի թշերը կսմըթում և զանազան հաճոյական բաներ փսփսում նրանց ականջին…

Արեգը Ցողիկի հետ պարելիս՝ մի խոր հայացք ձգեց նրա երեսին և փսփսաց ականջին.

— Ո՛վ համեստափայլ օրիորդ, ես կարծեմ ճանաչում եմ քեզ… այո՛, ճանաչս գալիս ես, բայց չեմ վստահանում ասել, վախենում եմ, թե մի գուցե սխալված լինիմ։

— Սխալված չես, Արեգ,— պատասխանեց Ցողիկը,— ես նա ինքն եմ։

— Աղավնի աղջի՞կը։

— Այո՛։ Սրանք էլ բոլորն իմ քույրերս են…

— Օ՜ … դու իմ աստվածուհին ես… դու ինձ նորից ստեղծեցիր…

— Ո՛չ, Արեգ։ Ես գիտեի միայն, որ դու ոչինչ չգիտես քո մասին։ Այդ իմ մորս՝ Բարենանի կամքովն էր եղած։ Նա ուրիշ հնար չուներ այն չար պառավին վերացնել աշխարհից։ Պետք էր քեզ պես մի անմեղ և արդար անձն, որ մինչև անգամ չիմանար իր ինչ լինելը և ավելի աղջիկ, քան տղա համարվեր։ Դու երբ որ ինձ մոտ տեսար քո կերպարանքը, տեսար, որ տղա ես, այսուամենայնիվ գա քեզ համար մի խաղ էր, որ ես խաղացի, ինչպես որ դու իմ թևերս վերցնելով ուզեցար մի խաղ խաղալ։ Միայն այս երեկոյին զգացիր, որ տղամարդ ես։ Դու մեղադրում էիր ինձ, մենք թաքուն նայում էինք քեզ վրա և ծիծաղում…

Ցողիկի այս ակնարկությունից ամոթի զգացմունքը առաջին անգամ զգաց Արեգը, բայց այնքան սաստիկ էր, որ նա կարմրեց վարդի պես և ուզեց խոսակցության առարկան ուրիշ բանի վրա