Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դարձնել, հանկարծ մյուս կողմից մի այնպիսի ծիծաղ բարձրացավ, որ ամենքն էլ այն կողմը դարձրին իրանց ուշադրությունը։


Զանազանը և Զարմանազանը պարապում էին՝ մեկը վեզիրի տղայի հետ, մյուսը՝ սպարապետի։ Ծաղիկը լսել էր նրանց փսփսոցը, նկատել էր, որ նրանք վաղուց աչքադրել են միմյանց և այժմ էլ պսակվելու ցանկություն ունին, բայց ամաչում են ասելու։


— նոր սե՜ր, նոր ուրախություն,— գոչեց Ծաղիկը մի բարձրաձայն ծիծաղով և նորահարսներին քարշ տալով՝ տարավ թագավորի մոտ և ասաց,— Մի պսակով ի՞նչ պետք է լինի, երեքը միասին կատարեցեք։


Թագավորն ու Արմանը նրանց էլ օրհնեցին և սկսվեց պսակների հանդեսը։ Ցողիկը դարձավ իբր պսակադիր Նունուֆարի, Ծաղիկը՝ Զանազանի, իսկ Աղբյուրիկը՝ Զարմանազանի։ Պսակի օրհնությունը կատարեց թագավորը Ծիածանի կամարի տակ, որ այդ փառավոր հանդեսին ավելի ևս շքեղություն էր տալիս։ Թագավորն իր թագն էլ դրավ Արեգի գլխին, որով պսակեց նրան և թագավոր միանգամայն։


Դրանից հետո հրեղեն օրիորդները շնորհավորեցին նորապսակներին և պատրաստվեցան երթալու։ Հազար տեսակ քաղցրեղեններ և մեղրաջրեր մոտ բերին, բայց հրեղենք նրանց համը չառան։ Նրանք ուրիշ խմելիքներ ունեին իրանց հետ բերած, նրանից խմեցին և խմեցրին նաև նորապսակներին, որոնք ակամա խմեցին, առանց նրա համն զգալու, բացի Արեգից, որին միայն էր տված նրա երկնային ճաշակն առնելու շնորհքը։ Վերջը մի շրջան կազմեցին երկրայինը, և մինչդեռ հրեղենք վերանում էին ծիածանի սանդուղքով, ասելով՝ մնացեք բարյա՜վ, բարյա՜վ... հողեղենք էլ նրանց բարի ճանապարհ էին մաղթում, երգելով.


* * *


Գնացեք բարյավ, սիրուն աղջիկներ,
Դուք մեր Դաշտերի Անմահ Ոգիներ...
Այս ի՜նչ շնորհք էր, ինչքա՜ն մեծ բարիք,
Որ դուք մարմնացած մեզ երևացիք...
Ա՜խ, երանի՜ թե միշտ մեզ մոտ մնաք,
Որ ձեր տեսության կարոտը չզգանք...
Գնացեք բարյա՜վ, բարյա՜վ, բարյա՜վ...




Հրեղեն աղջկերքը վերացան թե չէ, մեջտեղ եկավ ծաղրածուն և սկսվեցավ մի նոր զվարճություն։