Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Խնամի թագավոր, շեն կենա քո հոր օջախը… կերանք խմեցինք, լիացանք… ասաց ծաղրածուն և սկսեց երգել.

Ա՛խ, թագավոր, թագավոր,
Ինչո՞վ ասեմ շնորհավոր…
Ռչ հաց ունիս, ոչ գինի,
Այսպես հարսնիք կըլնի՜…
Յարալլայի, շարալլալի,
Այսպես հարսնիք կըլնի՜…

- Իրա՜վ, մի՜թե հաց չպիտի ուտենք,— ասաց թագավորը:– Մենք ամենքս էլ ամեն բան մոռացել ենք, որովհետև խելքներս կոցրել ենք, բացի հիմարից, որ խելք չի ունեցել կորցնելու…

- Դու սխալվում ես, թագավոր,— պատասխանեց հիմարը,- ես տեսա, որ դուք ամենքդ էլ իմ հացը կտրել եք, գնացի մի ճոխ սեղան պատրաստել տվի, որ քաղցած չմնամ։ Այս ասելով ծաղրածուն վազեց բաց արավ սեղանատան դռները, ուր հիրավի, ճոխ ընթրիք կար պատրաստված։ Հյուրերն սկսեցին թագավորի հետևից ջուխտ-ջուխտ մտնել սեղանատուն: Ծաղրածուն՝ տեսնելով որ ինքը մենակ պիտի մնա՝ վազեց մեզ ծանոթ վեզիրի կնոջ մոտ և գլուխ վեր բերելով՝ երգեց.

Ով խելք ունի,— սեր չունի,
Ով սեր ունի,— տեր չունի.
Խեղճն ամենից հիմարն է,
Որ ոչ մի ընկեր չունի։
Արի, տիկին, ես ՛ու դու
Շիտակ խոսք տանք մեկմեկու,
Թե`«դու իմն ես, ես` քոնը».
Համաձա՞յն ես, ձեռքըդ տու…

Ասաց ծաղրածուն և տիկնոջ ձեռքից բռնելով՝ մյուսների հետ մտավ սեղանատուն…

Մյուս առավոտուն սկսվեցավ հարսանիքի տոնախմբությունը քաղաքացոց ու գյուղացոց համար և տևեց մինչև քառասուն օր և քառասուն գիշեր: Ամեն մեկ օրը մի րոպեի պես էր անցնում, այնքա՜ն զվարճալի էին։ Ի՜նչ խաղեր, ի՜նչ պարեր, ի՜նչ ծաղրածություններ, մրցություններ և հազար ու մի տեսակ օյիններ…