Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գուրգենը ասաց․ «Ինչպես լինի, ես պետք է վեր բարձրանամ․ քո առաջարկությանը ես ընդունել կարող չեմ»։

Թագավորն ասաց. «Դո՛ւ գիտես, բայց որ չկարծես, թե ես ընգգեմ եմ քո գնալուն, ես կժողովեմ իմ աշխարհի բոլոր գիտուններին, թող նրանք մեզ ասեն, թե արդյոք մի հնար կավեր բարձրանալու։ Եվ մինչև այդ, իմ իշխանությունը և բոլոր հարստությունս քեզ եմ հանձնում…»

Թագավորը ժողովեց իր բոլոր աստղաբաշխներին, իմաստուններին և հայտնեց նրանց Գոլրգենի ցանկությունը։ Նրանք ասացին, թե հին ժամանակներում, ճշմարիտ է: Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ, մեր աշխարհը ցածրացել է, առաջ քիչ և հետո շատ, լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել և այդ սանդուղքով արդար մարզիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուխքն աներևութացել է, էլ չի երևում…»

Այսպես Գուրգենը մնաց Մութ աշխարհում մոլորված։ Սկսեց պտտել զանազան տեղեր, հարցուփորձ անել և ոչ մի տեղից մի դուռը չգտավ վեր բարձրանալու։ Մեկ օր դուրս էր եկել որսորդության։ Շատ ման գալուց հոգնելով՝ նստեց մի հսկայական ծառի տակ, որ փոքր֊ինչ հանգստանա, մեկ էլ մի ծվծվոց լսեց ծառի վրայից, նայեց և… ի՜նչ տեսնի… Ծառի վրայով սողում էր մի ահռելի սև վիշապ դեպի մի մեծ բույն, որի մեջ լիքն էին մեծ-մեծ թռչուններով, բայց դեռ չէին թևավորված։ Երևում էր, որ դրանք ձագուկներ էին մի հսկայական թռչունի։ Այդ ձագուկները օձին տեսնելով սարսափի մեջ էին ընկել և սկսել էին ծվծվալ։ Այս որ տեսավ Գուրգենը, առավ իր նետ-աղեղը և ուղղակի շեշտեց վիշապի գլխին և վայր կործանեց։ Հետո հանեց դևի թուրը և վիշապին կտոր-կտոր անելով, մի ահագին բլուր շինեց։ Այս բարեգործությունից և քաջությունից սիրտը մխիթարված, պառկեց ծառի ստվերումը և խոր քնի մեջ մտավ։

Այս անցքից մի քիչ հետո թռչունների մայրը թռած եկավ և Գուրգենին տեսնելով այնտեղ պառկած, կարծեց, թե նա է իր թշնամին, որ ամենայն տարի կոտորում էր իր ձագերին։ Նա իսկույն ետ դարձավ և իր ճանկերով մի ջաղացքար, թե ահագին ժայռ ետ դարձավ, որ ձգե Գուրգենի վրա։ Այս որ տեսան ձագուկները, մի սարսափելի ծվծվոցով և աղաղակով զգուշացրին իրանց