Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ված մոտիկ է եղել մեզանից, նրա ողորմությունն էլ անպակաս է եղել։ Ամեն ձմեռ երկինքը ձյունի տեղ ալյուր է եղել թափելիս, ձյունի պես սպիտակ, նրա պես մաքուր։ Մարդիկ հավաքում են եղել երկնքի ալյուրը և իրանց ամբարները լցնում այնքան, որ բավականանար մինչև մյուս ձմեռը...


Մեկ անգամ, երբ տատիկն արդեն սկսել էր պատմել, թե հին ժամանակներումը մարդիկ ինչպես են եղել ապրելիս, երեխաներից մեկը, որ գլուխը տատիկի ծնկանը դրած քնել էր, հանկարծ զարթեցավ, և պատմությունը միջահատելով, հարցրեց տատիկին.


— Հետո՞, տատիկ, հետո՞...


— Ի՞նչ հետո, հոգիս,— հարցրեց տատիկը։


— Դու չասացի՞ր, որ երկինքն առաջ շատ մոտիկ էր մեզանից... հետո ի՞նչպես եղավ, որ նա այսքան բարձրացավ։


— Այնպես եղավ, որ երեխեքը երբ որ սկսեցին շատ չարություն անել, անդադար վազվզում, թռչկոտում էին և աստծուն չէին թողնում հանգիստ քնել, նա էլ բարձրացրեց երկինքը, հեռացավ, առանձնացավ, որ երեխերքն իր քունը չխանգարեն:


— Այդպես չէ, տատիկ, այդպես չէ,— մեջ ընկավ մի սրամիտ երեխա, որ ուրիշ կերպ էր լսել այդ անցքը։


— Հապա ինչպե՞ս է եղել,— հարցրինք ամենքս միաբերան։


— Թող տատիկն ասի... Աստծուն խռովեցնողը ոչ թե երեխերքն են եղել, այլ մի անգետ պառավ է եղել, որ երեխի...


— Այդ սուտ է, այդ սուտ է... — խնդալով ընդհատեց Գյուլնազ տատը, չուզենալով, որ պատճառը պառավները լինին եղած։


Այստեղ երեխերքս պաշտպան հանդիսացանք տատիկին և բարկացանք նոր զարթած երեխայի վրա, որ միջահատեց տատիկի պատմությունը։ Գիտեինք առաջուց, որ եթե տատիկի պատմության թելը կտրեինք, Էլ մյուս անգամ նա իր ասելիքի ծայրը չէր գտնիլ, այդպես էլ կխափանվեր գործը։ Եվ ճշմարիտ այնպես էլ եղավ։


Տեսնելով, որ տատիկը էլ նոր բան պատմելու տրամադրություն չունի, սկսեցին խառն ի խուռն հարցեր առաջարկել։ Աղջկերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատիկ, որ եթե աղջիկը կանաչ–կարմրի տակովն անց կենա, աղա կդառնա. տղերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատիկ, որ եթե մեկը կարենա իր արմունկիցը պաչել, ծիտ կդառնա, և ուրիշ այս տեսակ հարցումներ։


Եվ ամենքիս սիրով պատասխանում էր Գյույնազ տատը։