Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ողորմի իրան, շատ բարեսիրտ պառավ էր. նա իսկապես մի պառավ երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին, ինչին որ միայն երեխաները կհավատան։

1887

ՔԻՉ Է՜Լ, ՔԻՉ է՜Լ

Առասպելն ու իրականը

(Երկու հակապատկեր)

1

Մեկ աղքատ մարդ մեկ որդի ուներ մինուճար՝ Քաջիկ անունով։ Քաջիկը շատ սրամիտ էր և շատ խելոք, միայն շատ դյուրագրգիռ էր և շուտ բարկացող։ նա չէր վերցնում ոչ մի դառը խոսք, ոչ մի կոպիտ վարմունք, և այս պատճառով էլ՝ ոչ մի վարպետի մոտ երկար չէր մնում մի արհեստ սովորելու համար։ Հայրը մի վարպետից մյուսի մոտ էր տանում, մի արհեստից հանում, մյուս արհեստի էր տանում, բայց որովհետև բոլոր արհեստավորներն էլ միատեսակ կոպիտ վարվեցողություն ունեին, այդ պատճառով էլ Քաջիկը ոչ մեկի մոտ էլ երկար չէր մնում։

Մեկ օր էլ հայրն ասաց.— Ես որտե՞ղ գտնեմ քեզ համար այնպիսի վարպետ, որ քո բնությանդ հարմար լինի։ Մեր աշխարհի օրենքն այնպես է, որ վարպետը պետք է աշակերտին խրատե, հանդիմանե, ծեծե, որ նա մարդ դառնա։

— Այդ շատ լավ ես ասում, հայր,— պատասխանեց Քաջիկը,— բայց ի՞նչ անեմ, ես չեմ կարողանում վերցնել։ Երբ որ ինձ հետ մարդավարի չեն վարվում, գլուխս շշմում է, աչքերս մթնում, էլ ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում։ Իմ կոպիտ վարպետներս կարծում են, թե ես գիտությամբ եմ կուրանամ ու խլանում։