Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցընել տվավ: Քաջիկը ծիծաղեց միայն և ոչինչ չասաց. մի քիչ որ առաջ գնացին, նա էլի ետ մնաց, դառավ մի ձիու քուռակ և գնաց հոր առաջին կանգնեց։ Հայրն ուզեց բռնել, բայց քուռակը բռնել չէր տալիս: Կանչեց որդուն, որդին չերևաց, մինչև քուռակը փախավ անհայտացավ, նոր երևաց որդին, բայց ուշ էր: Հայրը դարձյալ հանդիմանեց որդուն, թե ինչու՞ ուշացավ, և սկսեց պատմել, թե ինչքան գեղեցիկ էր քուռակը, կասեիր մի քաշած պատկեր էր, և անպատճառ մի հրեղեն կամ ծովաձիու քուռակ էր, Այսպես՝ մինչև տուն հասնելը որդին շատ չարչարեց հորը՝ զանազան բաներ դառնալով։ Հենց որ հայրը հոգնում էր և ուզում էր նստել, Քաջիկը մի առիթ էր գտնում. ծածկվում և ծածուկ մի բան դառնալով հոր առաջն ընկնում վազում, հայրն ընկնում էր հետևիցը և բավական տեղ վազում էր. և մինչև տուն համարյա վազելով գնաց խեղճը։

Երբ որ տուն հասան, մյուս օրը որդին պատմեց հորը, որ ճանապարհին պատահած բոլոր բաներն ինքն էր: Հետո ասաց.― Ես հիմա մի լավ ձի կդառնամ, դու ինձ տար ծախիր, միայն իմ սանձը չծախես: Այո ասելուց հետո՝ մտավ գոմը և այնտեղ դառավ մի կարմիր ձի և այնքան գեղեցիկ, որ տեսնողը կասեր ոչ ուտեմ, ոչ խմեմ, միայն սրա շենք ու շնորհքին մտիկ տամ։ Հայրը տարավ բազար և բոլոր տեսնողները մնացին հիացած։ Հազար մանեթ գին գրավ և մեկը, առանց խոսելու՝ հանեց տվավ փողը ձին առավ տարավ։ Հայրը սանձը չտվավ և փողի հետ տարավ տուն։ Առնողը տարավ ձին և սկսեց խաղացնել, բայց չկարողացավ սանձահարել և հրաշալի կենդանին հրեղեն ձիու նման թև առած՝ թռավ՝ անհայտացավ։ Մի ժամից հետո նա իրանց տանն էր և առաջվա Քաջիկն էր։ Այսպես մեր Քաջիկը մի քանի անգամ ձի դառնալով և ամեն անգամ ուրիշ գույնով, ավելի թանկ գնով ծախվեցավ։

Մեկ օր էլ, երբ որ հայրը նրան բազար էր դուրս բերել, մի քոսակ մարդ մոտեցավ, ձեռքը քսեց ձիու բաշին, աչքերին, շատ հավանեց, գովեց և հարցրեց գինը։ Հայրն ասաց, որ գինը տասը հազար մանեթ է, առանց սանձի:

— Իսկ սանձն ի՞նչ արժե,— հարցրեց Քոսակը։

— Սանձը ծախու չէ,— պատասխանեց հայրը։

— Սուտ ես ասում, կծախես,— ժպտալով ասաց քոսակը. երևի ուզում ես մի բան էլ սանձի համար գջլես։ Ես առանց սան–