Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թեպետ Քաջիկն էլի, Քաջիկ դառավ և ազատվեց Ուխայից, որ արդեն մոխիր էր դարձել, բայց ինքն էլ այրվեցավ բավականին և ոչ միայն յուր առաջվա գեղեցկությունն ու թարմությունը կորցրեց, այլև իր ձեռք բերած շնորհքը, յուր սովորած արհեստը։ Էլ չկարողացավ մի ուրիշ բան դառնալ, նրա բոլոր ասելիքները, բոլոր աղոթքներն ու թալիսմանները կորցրին իրանց զորությունը Ուխայի այրվելու հետ․․․

5

Շատ ցավում է մարդ, որ մի բան է կորցնում, թեկուզ այդ բանը շատ փոքր լինի։ Երեխան, երբ որ երազումր դանակ է դրնում և մյուս օրը տեսնում է, որ գտած դանակը չկա, սկսում է լաց լինել։ Ուրեմն ինչքան կցավեր Քաջիկը, որ ոչ թե երազումը գտած դանակ էր կորցրել, այլ յուր շնորհքը, յուր բոլոր ուսումը, այն էլ այնպիսի ուսում, որ ոչ ոք չգիտեր բացի իրանից։ Նա շատ դարդ արավ և վերջը մտածեց, որ գնա Ուխայի կնոջ մոտ, պատմե եղելությունը և նորից ձեռք բերե յուր գիտությունը։ Այս մտքով ճանապարհ ընկավ դեպի Ուխայի բնակարանը, բայց․․․ էլ ոչինչ չկար․․․ ամեն ինչ ցնդել էր օդի մեջ, ոչ մի հետք, ոչ մի նշան անգամ չէր մնացել։ Քաջիկին թվում էր, թե ուրեմն ամեն ինչ երազում էր տեսել, դանակը գտնող երեխայի նման, բայց չէ, նա աշկարա տեսնում էր յուր այրված կաշին, յուր չեչոտված և այլանդակված կերպն ու կերպարանքը։

Այսպես դարդ անելով՝ մեր Քաջիկը ճանապարհ ընկավ դեպի ուրիշ երկիր, որ գուցե կարողանա մի նոր արհեստ սովորել և յուր այրված կաշին առողջացնել։ Շատ գնաց թե քիչ, աստված գիտե, վերջը հասավ մի ծովեզրյա քաղաք։ Այս քաղաքումը նա լսեց, որ ծովումը մի կղզու վրա մի երևելի բժիշկ է կենում և նա ամեն ցավի դեղ գիտե, ամեն ցավ բժշկում է։ Նա շաբթենր երկու անգամ դուրս է գալիս յուր նավակով և ամեն հիվանդի ասում է, թե ինչով պետք է բժշկվի, շատ անգամ գեղերն էլ ինքն է տալիս և ոչինչ չի առնում ոչ գեղի և ոչ բժշկության համար։

Այս լուրը շատ ուրախացրեց Քաջիկին։ Մյուս օրը բժշկի դուրս գալու օրն էր։ թաջիկը գնաց ծովափ և մյուս հիվանդների հետ կանգնեց։ Անթիվ հիվանդներ կային ոչ միայն մոտիկ տեղե–