Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՎԻՇԱՊԻՆ ՀԱՂԹՈՂԸ
(Դյուցազնական պատմություն)
1

Ւնչ որ ձեզ ասելու եմ սիրելի մանուկներ, պատահել է մեզանից՝ ով գիտե՝ քանի-քանի հազար տարի առաջ…

Եվ առհասարակ բոլոր հրաշալիքները, որ ես ձեզ պատմել եմ, պատահել են շատ վաղվանից, ո՛վ գիտե՝ ո՛ր ժամանակ։

Էլլադայի հրաշալի աշխարհում, մի բարձր սարի տակից բխում էր մի պատվական աղբյուր։ Որքա՜ն տարի է անցկացել, բայց այն աղբյուրը դեռ մինչև այսօր էլ կա և բխում է միևնույն տեղից։

Օրը մթնելու վրա էր, արեգակն անց էր կենում սարերի քամակը և իր վերջին ճառագայթներով ոսկեզօծում էր մեր ասած լեռնային աղբյուրը, երբ մի երիտասարդ՝ Բելլերոֆոն անունով, մոտեցավ նրան։ Երիտասարդը մի սանձ ուներ ձեռքին, մի սանձ անգին գոհարներ հագցրած և ոսկենկար փորագրություններով զարդարած։ Նա աղբյուրի մոտ տեսավ մի ծերունի, նրա մոտ միջահասակ մի գյուղացի, մի սիրուն գանգուրիկ տղա և մի մատաղահաս աղջիկ, որ ուզում էր ջուր տանել աղբյուրից։ Երիտասարդը կանգ առավ այդտեղ և խմելու ջուր ուզեց աղջկանից։

— Ինչ հրաշալի ջուր է,—ասաց նա, երբ որ խմեց և ետ դարձրեց փարչը։ Աղջիկը փարչը ողողեց և նորից լցրեց։

— Սիրուն աղջիկ,— ասաց երիտասարդը,— խնդրում եմ ասա ինձ, այս աղբյուրը չունի՞ մի որևիցե անուն։