Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչպե՜ս չէ,— պատասխանեց ջահել աղջիկ,- սա Պիրենայի աղբյուրն է։ Ես իմ տատիկիցս լսել եմ, որ Պիրենան մի սիրուն կնիկ՝ է եղել։ Երբ որ նրա որդուն նետով սպանել է որսորդուհի Անահիտը, Պիրենան այնքան է լաց եղել այնքան ողբացել, արտասվել, որ ինքը տեղն ու տեղը աղբյուր է կտրվել։ Սրանից է, որ այսքան անուշ է այս աղբյուրը․ սրա կաթիլները որդեսեր մոր սրտի կաթիլներն են։

— Ես չէի կարծիլ երբեք, որ այսպիսի մի պայծառ, ուրախ և խաղացկուն աղբյուր արտասուքի՜ց լիներ առած իր ծագումը։ Սրա կարկաչյունն այնքան ուրախ է և այնքան գեղեցիկ է փայլում արևի տակ։ Ուրեմն սա ի՞նքն է Պիրենայի աղբյուրը։ Սիրո՛ւն աղջիկ, շատ շնորհակալ եմ տված տեղեկությանդ համար։ Ես շատ հեռու տեղից եմ գալիս, հենց սրան էի ման գալիս, սրան էի փնտրում։

Միջահասակ գյուղացին, որ իր կովը բերել էր ջուր տալու աղբյուրից, աչքերը հառած բոլոր ժամանակ Բելլերոֆոնին էր մտիկ տալիս և նրա ձեռքում եղած հրաշալի սանձին։

— Բարեկամ, երևում է, որ ձեր կողմերում լեռնային աղբյուրները մի չտեսնված հրաշալի բան են,— ասաց նա երիտասարդին,— և դրա համար է, որ ալարդ չի եկել և այնքան հեռու տեղից եկել ես Պիրենայի աղբյուրը գտնելու։ Եվ այդ ի՞նչ է պատահել քեզ, բարեկամ, երևի ձիդ կորցրել ես։ Սանձն ինչո՞ւ համար ես բռնել ձեռիդ։ Եվ ի՞նչ սիրուն զուքս ունի, ի՞նչ սիրուն զարդարանք։ Երկու շարք, բոլորն էլ անգին քարեր։ Եթե ձիդ էլ սանձիդ նման է եղել, դրան հարմար, ուրեմն շա՜տ ափսոս, եթե կորել է։

— Իմ ձին չի կորել,– ասաց երիտասարդը ժպտալով։— Ես դեռ նոր պիտի գտնեմ այն երևելի ձին, որ իմաստուն մարդկանց ասելով՝ պետք է որ ձեր կողմերումը չինի անպատճառ։ Բարեկամ, դու ինքդ լսած չկա՞ս, Պեգաս անունով թևավոր ձին հիմա էլ գալի՞ս է արդյոք Պիրենայի աղբյուրից ջուր խմելու, ինչպես որ սովորություն է ունեցել այն հին ժամանակները, երբ դեռ կենդանի է եղել քո ապուպապի ապուպապը։

Գյուղացին ուրախ-ուրախ խնդխնդաց երիտասարդի այս ասածի վրա։

Իսկ դուք, իմ սիրելի ընթերցողներ, լսած կա՞ք արդյոք, որ Պեգաս անունով մի ձի է եղել, հրեղեն ձի, ձյունի նման սպիտակ,