Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արծաթափայլ շքեղ թևերով։ Նա կենալիս է եղել Հելիկոն սարի գագաթի վրա։ Պեգասը եղել է շատ կայտառ և աշխույժ, արագընթաց և թեթևագնաց, նա բարձրանալիս է եղել մինչև ամպերը և այնքան բարձր, ուր արծիվն անգամ չէր կարող հասնիլ: Նրա նման էլի մի ուրիշ ձի չի եղել աշխարհքում, նա չի ունեցել իրա հատը։ Ոչ ոք նրան չի թամքած, ոչ ոք չի սանձած, չի պայտած, և նա շատ տարիներ ապրել է Հելիկոնի սարի գագաթին մեն-մենակ, ազատ և բախտավոր։

Եվ ինչքա՜ն ուրախ էր անցկացնում իր կյանքը թևավոր ձին։ Գիշերները քնում էր անուշ քնով, բաց-բացահար, ուրևիցե մի լեռնային հարթ տափարակի վրա, իսկ ցերեկվա մեծ մասն անց էր կացնում այս և այն կողմ թռչելով։ Պեգասը ոչ մի բանով նման չէր մեր ձիերին։ Մեկ էլ էիր տեսնում, անց էր կենում ահա մարդկանց գլխներով, թռած բա՜րձր, բարձր, և արևը պսպղում էր նրա արծաթափայլ թևերի վրա, այնպես էր թվում, թե նա մի մեծ, սպիտակ թռչուն է, մոլորվել է ամպերի մեջ և ճանապարհ է փնտրում դեպի պարզ և կապուտակ երկինքը։ Մարդ չէր ուզում աչքերը հեռացնել, երբ մտիկ էր տալիս և տեսնում, թե ինչպես է նա սուզվում բամբակի նման բարգ-բարդ կուտակված ամպերի մեջ։ Սուզվում է, անհետանում մի երկու րոպե, մեկ էլ տեսնում ես, որ թռչում է նա ամպերի մյուս կողմով։ Հավաքվում, կուտակվում են մրրկալից ամպեր, երկինքը սևանում է. գետնքի վրա շաչում ֊շառաչում է փոթորիկը, բայց Պեգասն իսկի այնումը չի գցում, նրա հոգը չէ բնավ, սլանում, սավառնում է մի տեղից դեպի մյուսը, և հրաշեկ թեժ փայլակը լուսավորում էր նրան ծիրանագույն լույսով։ Թաքչում էր փայլակը, և Պեգասն անհետանում էր թանձր խավարի մեջ։ Մարդկանց մեջ այսպիսի մի հավատ կար որ իբր թե՝ ով որ արժանանար մեկ անգամ նայելու այս հրաշալի տեսարանին, այնուհետև նա ամբողջ օրերով կզգար մի առանձին հոգեկան ուրախ տրամադրություն։

Ամառը՝ լավ եղանակ ունեցող օրերին, Պեգասն իջնում էր ամուր գետնի վրա և իր արծաթափայլ թևերը ծալելով՝ չափ ընկնում դես ու դեն, և սար ու ձոր ոտքի տակ տալիս, և այդ անում էր հենց այնպես, իր զվարճության համար։ Ամենից շատ տեսել են նրան Պիրենայի աղբյուրի մոտ, ուր նա անհագությամբ խմելիս է եղել նույն աղբյուրի ջրից կամ թավալելիս փափուկ կանաչկուտի վրա։ Պատահել է և այնպես, որ Պեգասը գջլում է եղել