Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու ի՞նչ կասես, պապի՛,— հարցրեց երիտասարդը.— դու քո ջահել ժամանակդ ան՚պատճառ տեսած կլինես թևավոր ձին և շատ անգամ։

— Ես, հոգի ջան, հիշողությունս կորցրել եմ բոլորավին։ Միտս է գալիս միայն, որ ջահել ժամանակս հավատում էի, որ կա թևավոր ձի. այսպես հավատում էին և նույն ժամանակի բոլոր ջահիլները։ Իսկ հիմա միտք էլ չի մնացել գլխումս, էլ իմ ի՞նչ ժամանակն է թևավոր ձիու մասին մտածելու։ Եթե պատահած էլ լինիմ Պեգասին, այդ Հիմա ով գիտե՝ քանի՜ ժամանակվա բան կլինի, վաղո՛ւց, շատ վաղուց կըլինիմ պատահած։ Իսկ հիմա, ուղիղն ասեմ, դժվարանում եմ հավատալ, որ երբեվիցե տեսած էլ լինիմ Պեգասին։ Միտս է գալիս երազի նման, որ երեխա ժամանակս ահա այստեղ՝ աղբյուրի մոտ՝ մեկ անգամ կարծես թե նկատեցի ձիու հետք։ Կարելի է թե Պեգասի հետքը լիներ կամ ով գիտե՝ գուցե նրա հետքը չէր, այլ մի ուրիշ ձիու։

— Իսկ դո՞ւ, սիրու՛ն աղջիկ,— հարցրեց ջահիլ աղջկանը, որ կուժն ուսին՝ կանգնած էր նրանց կշտին ու ականջ էր դնում ծերանու ասածներին,— դու անպատճառ տեսած կլիկիս. այո՛, դու այդպիսի սուր-սուր աչքեր ունիս։

— Ինձ այնպես է թվում, որ մեկ անգամ տեսած պիտի լինիմ նրան, պատասխանեց ջահիլ աղջիկը՝ ժպտալով և կարմրելով։

— Ուղիղ իմ գլխի վրաայով՝ բա՜րձր, շատ բարձր՝ օդի մեջ սավառնում էր մի բան. թե ասեմ Պեգասն էր, Պեգասը չէր. թե ասեմ մի ահագին սպիտակ թռչուն էր, թռչուն չէր։ Բայց մի ուրիշ անգամ էլի եկա այստեղ կուժն ուսիս և հանկարծ ձիու վրնջյուն լսեցի։ Սիրտս այնպես ուրախացավ, որ չեմ կարող ասել. այնպես մի քաղցր, այնպես մի աշխույժ վրնջյուն էր։ Բայց այնուամենայնիվ ես վախեցա, չդիտեմ ինչից, և վազեցի տուն՝ առանց ջրի, դատարկ կժով։

— Ափսո՜ս,— ասաց պատանին և երեսը դարձրեց դեպի փոքրիկ տղան, որ նրա մոտ կանգնած էր և նայում էր Բելլերոֆոնի վրա վարդանման բերանը լայն բաց արած։ Մանուկները միշտ այդպես են նայում անծանոթ մարդկանց վրա։

— Դու ի՞նչ կասես, սիրուն մանկիկ,— հարցրեց Բելլերոֆոնը ծիծաղելով և շոյելով երեխայի գանգրիկ մազերը։— Դու շատ անգամ տեսած կլինիս այստեղ թևավոր ձին։

— Շա՜տ անգամ, այո՛,— վստահաբար պատասխանեց մանուկը: