Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին, փեշերից ձգձգում էին, ծամածռություններ էին անում, զանազան փուտ անուններ էին կպցնում։ Երեխայքն իրանց ծաղրածությունը, մինչև այնտեղ հասցրին, որ նրանցից մեկը, հինգ տարեկան մի լակոա, ինքն իրան Պեգաս ձևացրեց, սկսեց լոք֊լոք անել, ոստոստալ, վազվզել, այս ու այն կողմ չափ ընկնել, տրտինգ տալ, ծառս կենալ, կռները թափահարելով, իբրև թե իր կռներն էլ Պեգասի թևերն են, իսկ նրանից մեծ մի ուրիշ երեխա մի փունջ խոտ ձեռին՝ մոտենում էր նրան և անասնական բացականչություններով մոտ կանչում Պեգասին։ Բոլոր այս ծաղրածությունները սարքել էին, որ տնազ անեն Բելլերոֆոնին և ջգրացնեն նրան։ Բայց նրանց հակառակ՝ այն գանգուրիկ և կայտառ մանուկը, որին առաջին օրը հանդիպեց Բելլերոֆոնը, չէր հետևում նրանց օրինակին և շատ սիրում էր Բելլերոֆոնին։ Նա լուռ ու մունջ նստում էր Բելլերոֆոնի մոտ, լառ ու մունջ նայում ջրի վրա անընդհատ, սրտանը հավատալով, որ իր տեսածն ուղիղ էր։ Երեխայի այս հաստատուն հավատը մեծ հույս էր տալիս և խրախուսում Բելլերոֆոնին։

Բայց, դուք, սիրելի ընթերցողներս, գուցե կհարցնեք ինձ, թե Բելլերոֆոնն ինչո՞ւ համար էր ման գալիս Պեգասին, ի՞նչ առիթ ուներ, ո՞վ էր ստիպում նրան։ Այս մի երկար պատմություն է, և ես կաշխատեմ պտմել ձել՝ մինչև Պեգասի երևալը։

Եթե Բելլերոֆոնի բոլոր արկածները պատմեմ նրա մանկությունից սկսած, այդ շատ երկար կլինի և ձեզ ձանձրալի, մեր քաջ երիտասարդի կյանքից ես կպատմեմ ձեզ միայն մեկ կտոր։

Աշխարհի այն մասում, որ կոչվում է Ասիա, մի զարհուրելի հրեշ էր լույս ընկել, որին ասում էին Բիմեռ կամ Խիմերա. մենք կասենք Օշափ, որ լսած կլինիք շատ անգամ։ Բայց այս հրեշը մի ուրիշ տեսակ վիշապ է լինում։ Թե որքան վնաս էր հասցնում մարդկանց Օշափը, անկարելի էր հաշվել։ Նա մի այնպիսի զարհուրելի բան է լինում, որ նրա նման մի ուրիշ բան չենք կարող ցույց տալ աշխարհիս երեսին։ Նա լինում է օձի մարմնով, մեծ վիշապ-օձի նման, ունենում է երեք գլուխ՝ մեկն առյուծի, մեկն այծի, և մեկն էլ օձի։ Նրա բաց ռեխներից՝ երեքիցն էլ, կրակ էր դուրս թափվում։ Այս հրեշը թեպետ թևեր չուներ, բայց վազում էր առյուծի նման, ցատկում էր այծի նման և սողում օձի նման, ուրեմն նա շարժվում էր միանգամից երեք կենդանու արագությամբ, որ ասել է՝ ավելի արագ, քան թե թռչունը։