Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թե որքան վնաս էր հասցնում այս զզվելի արարածը, ինչպես ասացի, անկարելի է հաշվել։ Երեք երախներից կրակ էր դուրս թռչում և բոլոր անտառները խանձխնձում, արտերն այրում, ամբողջ գյուղեր՝ իրանց պարտեզներով, այգիներով, ամբարներով, կալ ու մարագով, մի խոսքով՝ բոլոր ունեցած-֊չունեցածով մոխիր էր դարձնում։ Բաց էր անում երեք երախները և սկսում էր լափել ամեն պատահած բան. մարդ, կենդանի և թռչուն։ Լափելուց հետո շնթռկում, մրափում էր, մինչև ողջ֊-ողջ կուլ տված ողորմելի կենդանիները կմարսվեին նրա թոնրանման ստամոքսում։

Մեկ անգամ, պատահմամբ, Բելլերոֆոնը գալիս է Ասիա, այնտեղի թագավորին տեսնելու, հենց այն ժամանակ, երբ որ ամբողջ ժողովուրդը հեծում, տնքում էր Օշափի հասցրած վնասներից։ Այդ երկրի թագավորի անունը Հոբաթ էր, նա կենում էր Հայաստանին սահմանակից մի երկրում, որ ասվում էր Լիկիա։ Բելլերոֆոնը մի շատ անվեհեր երիտասարդ էր։ Նա իրան անձը նվիրել էր քաջագործության և այնպիսի մեծագործությունների, որոնցով կարող էր օգուտ բերել մարդկությանը, ծառայել մարդկանց բախտավորությանը։ Այն ժամանակներում երիտասարդ մարդկանց միակ փառք ու պատիվն այն էր, որ մասնակցեն բոլոր պատերազմներին․ կամ կռվելով հայրենիքի թշնամու դեմ, կամ չար դևերի, զարհուրելի վիշապների և վերջապես վայրենի գազանների դեմ, այս էլ այն ժամանակ, երբ ուրիշ ավելի չար բան չէր լինում, որի դեմ կռվեին։ Հոբաթ թագավորը երբ որ Բելլերոֆոնին տեսավ, իսկույն նշմարեց, որ իր հյուրն անվեհեր երիտասարդ է, սրա համար էլ ահա առաջարկեց նրան, որ գտնի չար Օշափին և սպանե։ Ոչ ոք սիրտ չէր անում ձեռք զարկել այսպիսի մի քաջագործության, որովհետև ամենքն էլ նրա միայն անունը լսելով՝ դողում էին, իսկ եթե չսպանեին, նա պիտի ամբողջ Լիկիան անշեն անապատ դարձներ։ Բելլերոֆոնը թագավորի այս առաջարկության վրա մի րոպե մտածության մեջ ընկավ, բայց հետո վճռական խոսք տվավ թագավորին, որ կերթա, կսպանե Օշափին, իսկ եթե չկարողանա, իր ոսկորները նրա մոտ կթողնե։

Լսած լինելով, որ երեքգլխանի Օշափը շատ արագաշարժ և ճարպիկ է, այն մտքին եկավ, որ անկարելի է այնպիսի մի հրեշի դեմ հետևակ կռվել, այլ դրա համար հարկավոր է անպատճառ