Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճառ ձեռք բերել ամենաքաջ և ամենազորեղ ձի։ Իսկ այս կողմից աշխարհիս երեսին ի՚՞նչ ձի կարող է հավասարվել Պեգասին, որ համ ոտքեր ուներ, համ թևեր և օդի մեջ ավելի ևս արագ էր թռչում, քան վազում երկրի երեսին։ Ինչ ասել կուզի, որ Բելլերոֆոնին ամեն կողմից սկսեցին հավատացնել, որ թևավոր ձի չկա ոչ մի տեղ, և ինչ որ պատմում են թևավոր ձիերի մասին, բոլորն էլ դատարկ զառանցանքներ են միայն և անմիտ ցնորքներ։

Բայց այնուամենայնիվ, Բելլերոֆոնը հաստատ համոզված էր, որ Պեգասը հնարովի բան չէ, այլ նա կա և ուշ թե վաղ իր ձեռքը կընկնի, որ նրան կսանձե ինքը և վրան հեծնելով կերթա Օշափի հետ կռվելու։

Այս նպատակով ահա նա Լիկիայից ճանապարհ ընկավ դեպի Էլլադա ուր և ձեռք բերավ իր ձեռքում եղած թանկագին սանձը: Այդ սանձը աղոթած էր, այսինքն՝ կախարդած, դյութած էր։ Հենց որ կարողանար սանձի ոսկեզօծ երասանը Պեգասի բերանը դնել, թևավոր ձին իսկույն կհպատակեր նրան, նա էլ իսկույն կթռչեր, վրան կնստեր և որ կողմ ուզենար, այն կողմը կքշեր։

Ինչ ասել կուզի, որ քաջ երիտասարդը հուզված սրտով սպասում ու մնում էր, թե երբ կգա արդյոք Պեգասը Պիրենայի աղբյուրից ջուր խմելու: Նա շատ էր մտատանջվում, թե միգուցե Հոբաթ թագավորը կարծիք տաներ, թե նա փախել է՝ վախենալով Օշափից։ Շատ էր վշտանում, երբ որ միտն էր բերում, թե ինչ ահագին վնասներ է հասցնում երկրին այն զարհուրելի հրեշը, իսկ ինքը, փոխանակ նրա դեմ պատերազմելու, ձեռները ծոցին՝ նստել է սառնորակ աղբյուրի մոտ և նայում է, թե ինչպես է բխում նա սարից, թափվում ավազանի մեջ և նրա հատակը ծածկում պսպղուն ավազի շերտով։ Լսում էր, որ իբր թե վերջին տարիներում Պեգասը շատ հազիվ էր երևում աղբյուրի մոտ և թե նա իր բոլոր կյանքում միայն մեկ անգամ է երևացել մարդու։ Նա շատ էր վախենում, թե միգուցե այստեղ սպասելով, մինչև ծերության հասնի, երբ այլևս չի կարողանալ տիրել թևավոր ձիուն, եթե գալու էլ լինի, որովհետև ծերությունից իր ձեռքերն արդեն թուլացած կլինին, քաջությունը կորցրած: Ավա՜ղ, ինչքա՜ն տխուր ու դատարկ է անցնում ժամանակը, երբ որ եռանդալից երիտասարդությունը ձգտում է հասնել իր ցանկացած նպատակին, երևակայած փառք ու պատվին: Համբերել և սպասել շա՜տ ծանր է։ Մեր կյանքը՝ առանց այս էլ՝ այնքան կարճ է, բայց