Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարժ չլիներ թռչնի պես, հրեշն իր այդ հանկարծական հարձակմունքով կուլ կտար երկուսին էլ և դրանով կվերջանար կռիվը: Բայց անկարելի էր թևավոր ձիուն անզգույշ և անպատրաստ գտնել։


Մի ակնթարթում Պեգասն ու իր հեծյալը սավառնում էին արդեն բարձր երկնքում։ Բարկությունից խռմփում էր Պեգասը և բոլոր մարմնով դողում էր, իհարկե ոչ երկյուղից, այլ եռագլուխ գարշելի սողունից զզվելով։


Օշափի կատաղությանն էլ չափ չկար: Նա ձգվել էր իր բոլոր երկայնությամբ և կռթնելով իր օձային պոչի վրա, ճիրանավոր թանթուլները օդի մեջ այս ու այն կողմ էր հածում և ետ ձգելով իր երեք գլուխները՝ կրակի հեղեղ էր վիժում դեպի վեր, որ այրե Պեգասին և նրա հեծյալին։ Ի՜նչպես մռնչում էր, ի՜նչպես վսսում ու մկկում։ Մինչ այս, մինչ այն, Բելլերոֆոնը ձախ ձեռքն առավ վահանը և աջով թուրը հանեց պատյանից:


— Հապա՜ քե՜զ տեսնեմ, Պեգաս ջան,— շշնջաց նա թևավավոր ձիու ականջին,– ինձ չամաչեցնես. օգնի՜ր ինձ, որ չքացնենք այս երկրային հրեշը, եթե ոչ՝ դու կթռչես դեպի Հելիկոն առանց քո մտերիմ բարեկամիդ։ Կամ կկործանվի Օշափը, կամ նրա բոլոր երեք ռեխները կլափեն ինձ մի քանի րոպեի մեջ։


Պեգասը սիրով վրնջաց, և գլուխը թեքելով՝ իր վարդագույն ոունգները տիրոջ թշերին քսեց։ Սրանով ուզեց ասել նա, որ թեպետ ինքը թևեր ունի և մինչև այսօր անմահ է եղել, բայց այսուամենայնիվ ավելի հոժար կլինի ինքը մեռնել, քան թե թույլ կտա, որ Բելլերոֆոնն ընկնի հրեշի ճանկը։


— Շնորհակալ եմ քեզանից, հոգյակս,— ասաց Բելլերոֆոնը, պարզ իմանալով իր բարեկամի համր խոսակցությունը։— Հիմա եկ հարձակվենք Օշափի վրա. դու վրա թռիր, ինչպես գիտես...


Այս խոսքերով նա շարժեց սանձը. Պեգասը նետի պես սլացավ ուղղակի դեպի եռագլուխ Քիմեռը, որ բոլոր ժամանակ գալարվելով՝ ձգվում էր դեպի նրանց։ Բելլերոֆոնը հասնելն ու թրով զարկելը մեկ արավ. նա միայն մեկ անգամ զարկեց ինչքան ոը կռումն ուժ ուներ, բայց Պեգասը նրան այնպես շուտ թռցրեց դեպի երկինք, որ էլ հնար չունեցավ նայելու, թե հարվածը հաջո՞ղ էր արդյոք, թե՞ ոչ։ Պեգասի օդային արշավանքը երկար չտևեց. նա կրկնեց իր հարձակմունքը։ Այս անգամ միայն համոզվեց Բելլերոֆոնը, որ աոաջին զարկով թռցրել էր հրեշի այծային գլուխը,։