Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ արդեն մի բարակ մորթով կախված՝ ճոճվում էր հրեշի վրա։


Բայց հենց սրա համար էլ ողջ մնացած երկու գլուխները՝ օձինն ու առյուծինը՝ կրկնապատկեցին իրենց կատաղությունը և ճիգ էին թափում, որ իրանց երրորդ գչխի վրեժն առնեն։ նրանց ահեղագոչ մռնչյունից և վսսոցից մարդու ականջ էր խլանում։


— Չվախենաս, Պեգաս,— աղաղակեց Բելլերոֆոնր.— էլի մեկ հարված, և մենք կկտրենք երկրորդ գլուխը։ Հառաջ, բարեկամ, սիրտդ պինդ պահիր...


Նա կրկին շարժեց սանձը։ Թևավոր ձին նորից սլացավ նետի պես դեպի վայր, և Բելլերոֆոնն իր բոլոր ուժով նորից հասցրեց թուրը ողջ մնացած գլուխներին։ Բայց այս անգամ թե՛ նրան և թե՛ Պեգասին ձրի չնստեց այդ։ Օշափն իր թանթուլների ճանկերով մի քիչ չանկռտեց Պեգասի ձախ թևը և բավական խոր վիրավորեց Բելլերոֆոնի ուսը։ Բայց Բելլերոֆոնն էլ փոքր հարված չէր տվել։ Այս անգամ նա կտրել էր հրեշի առյուծային գլուխը, որ արդեն կախ էր ընկել վրան և ռեխը բաց ու խուփ անելով՝ թանձր ծուխ էր դուրս վիժում։ Միայն սոսկալի դարձավ այժմ Օշափի ողջ մնացած միակ օձային գլուխը։ Նա հիմա հրահեղեղ էր դուրս վիժում և մինչև հինգ հարյուր զրկաչափ հեռավորության հասցնում։ Եվ սկսեց այնքան ահեղ ոռնալ, վնգստալ, սուլել, որ Հոբաթ թագավորը լսեց այդ գոչյունը հինգ հարյուր մղոնաչափ հեռավորությունից և երկյուղից սկսեց այնպես դողդողալ, որ գահն իր տակին սկսեց երերալ և տատանվել։


— Վայն նկել է մեզ տարել,— ասաց նա.— այս Օշափի ձայնն է, նա երևի գայիս է մեզ լափելու։


Այդ միջոցին Պեգասը մի կողմ թռչելով՝ սկսեց բարկությունից վրնջալ, իսկ նրա աչքերը կայծեր էին ցայտում։


— Պեգա՜ս, վիրավորվա՞ծ ես,— բացականչեց Բելլերոֆոնը, նկատելով որ սիրական ձիու արծաթափայլ թևից արյուն է հոսում։ — Նզովյալ Օշափը իր այս չարագործության համար իր վերջին գլուխը պետք է տա ինձ. ինչպե՜ս, նա համարաձակվի՜ վիրավորել անմահ և հրեղեն ձիո՜ւն...


Պեգասն էլ այդ էր ուզում, նա մի ակնթարթում շրջեց գլուխը և կայծակի արագությամբ սլացավ դեպի ցած։ Քիմեռը կատաղությունից կաս-կարմիր կտրած մեկ գալարվում, կծկվում էր քարայրի արյունաթաթախ ավազի վրա, մեկ ձգվում, ցցվում էր սյունի պես և կրճտում բաց ռեխը։ Իսկ այդ գարշելու ռեխն էլ