Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բելլերոֆոնը քնքուշ սիրով համբուրեց Պեգասի գլուխը։ Ուրախությունից նրա աչքերը ջրակալեցին։

— Ետ գնանք, սիրելիդ իմ,— ասաց,— գնանք Պիրենայի աղբյուրը։ Շնորհակալ եմ կատարած քաջագործությանդ համար։

Պեգասը՝ օդի մեջ ծածանելով՝ սկսեց թևավարել, և մի քանի րոպե հազիվ անցած՝ նա արդեն մեզ ծանոթ Պիրենայի աղբյուրի ափին էր։ Այնտեղ ամեն ինչ մնացել էր անփոփոխ,— հիշողությունը կորցրած ծերունին եկավ վայրի պտուղներով, տավարած գյուղացին կովերը բերավ ջուր տալու, ջահիլ աղջիկն կուժն ուսին եկավ ջրի։

— Հիմա միտս է գալիս,— ասաց ծերունին նայելով Պեգասի վրա,— որ այս թևավոր ձին ես տեսել եմ մեկ անգամ երեխա ժամանակս։ Բայց այն ժամանակները սա տասը հազար անգամ ավելի գեղեցիկ էր, քան թե հիմա։

— Սրա նման երեք հատը ուրախությամբ կփոխեի մի հատ բեռնակիր ձիու հետ,— ասաց կովարածը։— Այդ թևավոր ձին եթե իմս լիներ, ես նախ և առաջ արմատից կխուզեի սրա թևերը։

Իսկ ջահիլ աղջիկը ոչինչ չասաց. նա միշտ վախենում էր անտեղի, հիմա էլ նույնպես։ Նա Պեգասին տեսավ թե չէ՝ ետ փախավ դեպի տուն։ Վազելիս էլ ոտքը սահեց, կուժը վայր ձգեց կոտրեց։

— Հապա ո՞ւր է մեր գանգուրիկ տղան,— հարցրեց Բելլերոֆոնը, ձին մոտ քշելով դեպի գյուղացիները։ — Նա իմ մշտական ընկերս էր այստեղ. նա հաստատ հավատացած էր, որ Պեգասը կգա և միշտ նայում էր ջրին՝ սպասելով նրա գալուն։

— Ես այստեղ եմ, սիրելի Բելլերոֆոն,— կամացուկ կանչեց տղան։

Այս աշխույժ և կայտառ երեխան օրերով սպասել էր Պիրենայի աղբյուրի մոտ, հուսալով թե ահա ուր որ է՝ կգա իր բարեկամը. բայց հենց որ տեսավ Բելլերոֆոնին Պեգասի վրա նստած ամպերից վայր է իջնում դեպի աղբյուրը, նա թաք կացավ թուփերի մեջ, որ ալևորն ու տավարածը չտեսնեն նրա ուրախության արտասուքը։

— Դու տարար հաղթությունը,— բացականչեց նա վազելով Բելլերոֆոնի մոտ, որ դեռ նստած էր Պեգասի վրա։— Ես հավատացած էի, որ դու կհաղթես անպատճառ։

— Այո՛, մանկիկս, ես հաղթեցի Քիմեռ-Օշափին,— պատասխանեց Բելլերոֆոնը։ — Բայց եթե քո հավատալդ չլիներ, ես երբեք