Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-Ի՞նչ բախտ գրեցիք նորածին մանուկի համար։ Մարդիկը պատասխանեցին։


— Այստեղ իջած սովդաքարի բախտը նրան տվինք։ Այս ասացին մարդիկը և իսկույն աներևույթ եղան։ Սովդաքարն իսկույն իմացավ, որ նրանք երեխանց ճակատի վրա նրանց բախտը գրող հրեշտակներ էին, շատ տխրեց, որ իր բախտը տվել են մի նորածին մանուկի. էլ նրա քունը չտարավ այն գիշերը։


Լուսացավ թե չէ, սովդաքարը գնաց գյուղ և հարցուփորձ անելով իմացավ, թե ում տանն է երեխա ծնվել այն գիշերը։ Գնաց տեսավ բարուրի մեջ մի սիրուն փափլիկ տղա և առաջարկեց նրա հորն ու մորը, որ երեխան իրան տան։


Ես մեծ կարողության տեր եմ,— ասաց,— բայց որդի

չունեմ։ Ես դրան կորդնգրես , բոլոր ունեցած–չունեցածս դրան կտամ, ձեր ապրուստն էլ կհոգամ։


Ծնողաց համար շատ դժվար էր համաձայնվել մի այսպիսի առաջարկության, մանավանդ ծննդկան մոր համար, բայց որովհետև իրանք աղքատ էին, չգիտեին ինչ անեն, տան, թե չտան։ Հավաքվեցին դրացիները և ամեն կողմից սկսեցին համոզել ծնողացը, որ իրանց որդու բախտավորությանը արգելք չշինեն։ — Առանց դրան էլ զավակներ շատ ունիք,— ասացին նրանք, — և էլի կունենաք, դուք հազիվ նրանց կարող եք պահել. այդ մեկն էլ տվեք այս պարոնին, թող գնա. հարուստ մարդ կդառնա, ձեզ էլ կհարստացնե։


Սրա վրա ծնողքը հոժարեցան և երեխային մի քանի ոսկով տվին , սովդաքարին։


Սովդաքարը տարավ երեխային իր քարավանը և ճանապարհ ընկավ դեպի իր գնալու աշխարհը։ Շատ գնաց թե քիչ, աստված գիտե, երբ որ հասան մի ջրառատ և գեղեցիկ հովիտ, այդտեղ իջան հանգստանալու։


— Սրանից էլ թաքուն տեղ չի լինիլ,— մտածեց սովդաքարը. — հիմա ես սրան թաղել կտամ այս հովտումը, տեսնեմ՝ այնուհետև էլ ինչպե՞ս պետք է խլել ինձանից իմ բախտը։


Կանչեց իր հավատարիմ ծառային և ասաց,— «Առ այս երեխային և տար մատաղ արա ինձ համար, միայն սիրտն ու թոքը բեր ինձ»։