Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա առնելուն էր սպասում, ով ինչ գնելու ուներ, նրա ապրանքի գալուն էր սպասում։ Երբ որ տանից դուրս էր գալիս, էլ տարիներով չէր վերադառնում. պատահում էր, որ ամիսներով ճանապարհ էր գնում, օրինակ, Հնոստանից մինչև Խորասան, Խորասանից մինչև Թիֆլիս, Թիֆլիսից մինչև Հաշտարխան։ Տուն ուներ ինչպես թագավորական պալատ, շահերն ու սուլթանները նրանից էին փող պարտք անում, նրա թանկագին ընծաներին սպասում։

Նա կին ուներ, բայց արու զավակ չուներ, այլ մի աղջիկ միայն, որ ինչքան գեղեցիկ էր, նույնքան և բարի ու խելոք։ Գոհարիկ էր անունը և արդեն տասնըհինգ տարի լրացրած մի նախանձելի հարսնացու էր։

Սովդաքարն այժմ իր քարավանով դեպի տուն էր վերադառնում և հինգ օրից հետո պիտի հասներ։ Մի նամակ գրեց, տվավ Այծատուրին և մի լավ ձի տալով՝ ասաց.

— Այս նամակը կհասցնես մեր տուն և քո ձեռքովը կտաս իմ կնոջը։

Այծատուրը, որ մի առիթ էր որոնում իր պարոնի հրամանը մտերմությամբ և անհապաղ կատարելու, նամակը ծոցումը դրավ և ձին նստեց թե չէ՝ թև առավ թռավ դեպի սովդաքարի տունը։

Մյուս օրը ճաշի ժամանակ հասավ սովդաքարի տունը։ Ամառն էր. բավական շոգ օր էր։ Իջավ ձիուցը, ձին կապեց մի ծառի ստվերում, իսկ ինքը մոտեցավ տան դռան։ Տեսավ դուռը կողպած է, էլ չուզեցավ անհանգստացնել ներսը եղողներին, թեք ընկավ պատի տակին և սաստիկ հոգնածությունից ու անքնությունից իսկույն քունը տարավ։

Մեր Այծատուրը այսպես քնի մեջ ով գիտե ինչ էր տեսնում երազումը, բայց արեգակի այրող ճառագայթների տակ կարմրել էր և քրտնել այնպես, ինչպես մայիսի կարմիր վարդը մարգարտյա ցողի կաթիլներով։ Իր այս պատկերով նա ուղիղ Գոհարիկի սենյակի պատուհանի դիմացն էր։ Ով գիտե, ինչ անհայտ դրդումից ստիպված, Գոհարիկը բաց արավ սենյակի պատուհանը և հանկարծ որ չտեսավ Այծատուրի ցողաթաթախ վարդագեղ դեմքը, մնաց տեղն ու տեղը մեխված, իր կյանքումը տեսած չէր մի այդպիսի հրաշագեղ պատկեր։ Էլ աչքը չհեռացրեց, հանգամանքը հաջող էր, որովհետև իրան գրավող երիտասարդը քնած էր և կարող չէր տեսնել նրան: Այսպես որ շատ նայեց Գոհարիկը, մի