Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու փուս վեր բարձրացավ, այրեց իր հոր նամակը և որպեսզի Այծատուրին երկար չթողնե արևի տակ, ուրախ-ուրախ ներս մտավ մոր սենյակը՝ ասաց.

— Մայրիկ, նայիր, մեր դռանը մի անծանոթ երիտասարդ կա քնած։ Նա ձիով է եկել, իսկ ձին հայրիկինն է. ուրեմն նա մի լրաբեր պետք է լինի։ Հարկավոր է նրան զարթեցնել և վեր կանչել։

Ծառաները ուրիշ տեղ էին գնացել, տանը ոչ ոք չկար, բացի մորից ու աղջկանից. Մայրը իջավ ներքև և Այծատուրին զարթեցրեց։

Այծատուրը ներողություն խնդրեց տիրուհուց և ծոցիցը նամակը հանելով տվավ իրան։

Տիրուհին նամակը կարդաց և տղայի երեսին նայելով՝ մի առանձին ուրախություն և հաճույք զգաց։

- Դու գիտե՞ս՝ այս նամակումն ի՞նչ է դրած,— հարցրեց տիրուհին։

— Ո՛չ ինձ հայտնի չէ, տիրուհի։

- Երևում է, որ հայտնի չէ, եթե ոչ էլ ի՞նչ կտաներ քունդ: Գնանք վերև, ես այնտեղ քեզ կհայտնեմ, թե ինչ է գրած։

Տիրուհու նպատակն էր տեսնել, թե ինչ ներգործություն կանե աղջկա վրա հոր կամքը։

Տիրուհու սիրալիր ընդունելությունը բավական քաջություն տվավ Այծատուրին, թեև նա առանց այս էլ իր հոգեկան անմեղ վիճակից դուրս չէր կարող գալ. նա ոչ ամոթխած էր և ոչ հանդուգն. ազատ էր երկու ծայրերից էլ, իբրև բնության անարատ զավակ։

Երբ որ վերև բարձրացան, նրանց դիմավորեց Գոհարիկը և սկսեց հարցուփորձ անել հոր մասին, նրա առողջության, իսկ մորից հարցրեց, թե ի՛նչ է դրել հայրը։

Այծատուրը միայն հեքիաթներում էր լսած Գոհարիկի նման գեղեցկուհիների մասին, և ինքն իրան շատ երջանիկ զգաց, որ այնպիսի մի դիցուհու նվաստ ծառան պիտի լինի։ Նա չէր կարող մտքովն անգամ անցկացնել, որ կարող է ծառայից էլ ավելի բարձր լինել և նրան իրան կողակից և լծակից համարել։

— Անունդ ի՞նչ է, որդի,— հարցրեց տիրուհին։

— Այծատուր է,— պատասխանեց տղան, Այծատուր անունից ամաչելով։