Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Աստվածատո՜ւր… Գիտե՞ս, Աստվածատուր, իմ ամուսինս գրել է, որ դու գաս թէ չէ՝ իմ աղջիկը քեզ տամ. սա է ահա իմ աղջիկը։ Ես չեմ կարող ընդդեմ կենալ նրա կամքին և իմ կողմից արգելք չկա, բայց եթե դու կամ սա հոժար չեք լինիլ, այդ բանումը ես մեղավոր չեմ չինի, պատասխանատուն դուք կլինեք։

Այս ասելով տիրուհին նամակը տվավ աղջկանը։

Այծատուրը այնպես կարծեց, թե երազումն է տեսնում այս անցքը, մնաց լուռ և վեր քաշված, ոչինչ չկարաց խոսել։ Իսկ Գոհարիկն ասաց.

— Ես հնազանդ եմ իմ հոր կամքին, բայց չեմ կարող բռնությամբ տիրել մի երիտասարդի սրտի վրա. գուցե նա համաձայն չէ:

Այծատուրը տեսավ, որ իր տեսածը երազ չէ և ոչ հանաք են անում իր հետ, բոլոր ուժը մի տեղ հավաքելով՝ ասաց.

— Ես ոչ պակաս հնազանդ եմ իմ տիրոջ կամքին. նա որ ինձ հրամայե, թե գնա ջուրն ընկիր, կընկնիմ, ուր մնաց որ նա ինձ ջուրը չի ձգում, այլ հանում է ջրից։

— Ուրեմն ամեն ինչ վերջացած է,— ասաց տիրուհին և կանչեց ծխատեր հոգևորականին, որին ցույց տալով իր ամուսնու նամակը՝ խնդրեց, որ շուտով պսակի ծեսը կատարե։

6

Հինգ օրից հետո սովդաքարը եկավ։ Հենց որ տան գավիթը մտավ, տեսավ Այծատուրին իր աղջկա հետ ուրախ, զվարթ ճեմելիս իր հոյակապ տան պատշգամբի վրա։

— Այս ի՞նչ խաղ է,— մտածեց նա.— երևում է, որ իմ գրածի հակառակ սա ամուսնացել է իմ աղջկա վրա։ Ուրեմն ես էլ ինձ այնպես ցույց կտամ, որ իբր թե իմ կամքն էլ այդպես է եղել։ Ներս մտավ ուրախ-զվարթ, բարևեց ամենքին և դառնալով տղային ու աղջկան՝ հարցրեց կնոջը՝ արդյոք կարո՞ղ եմ շնորհավորել:

— Այո՛, այո՛,— ասաց կինը.— ինչպես որ գրել էիր, թե մինչև իմ գալս պսակված պրծած լինին, ես էլ անհապաղ կատարեցի քո կամքը։