Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ աոաջվան գեղեցկությունը։
Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ, մնաց′ զարմացած։
-Սա իմ տեսած աղջիկը չէ, ասաց։ Թագավորի որդին էլ որ տեսավ, ետ քաշվեցավ զզվանքով։ -Սա չէ,-ասաց, -իմ ուզածը։ նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։
Խոսեցրին աղջկանը. նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։ — Լավ,— ասացին, և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում. նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։

3

Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա. ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։
Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.— Ուռկաններդ ձգեցեք ահա այս ինչ տեղը. ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա, իմս է:
Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն, ինքն արծաթ, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները. այնպիսի ձուկն նրանք ոչ լսած և ոչ տեսած էին։
-Քեզ միայն արժանի է այս ձուկը, -ասացին նրանք թագավորի որդուն, –եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։
-Շնորհակալ եմ, -ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց: Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում. նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։