Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ինքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին. Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ, իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։


Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին, ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։


             4


Ձուկը որ կերավ աղջիկը, փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները գեղեցկանալու հույսով կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և աղբի հետ պարտեղ ընկնելով մի ծառ դառավ, մի զարմանալի ե հրաշալի ծառ, մշտադալար և մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր֊ցերեկ այնտեղից չէր հեռանում։


Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։


Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։


Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։


Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց. այս ի՜նչ լավ խուփ է, ասաց և վեր առավ նրանով ծածկեց մի բղոլղի բերան: