Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.


— Սիրուն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ. քեզ հետ ապրողի համար տարին մեկ ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։


Աղջիկն ասաց,— Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր աղախնին, և ձանձրություն չի լինի ձեր մեծությանը, և ես մի համառոտ հեքիաթ կասեմ։


— Շատ ուրախ կլինինք,— ասաց թագավորը,— ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։


Եղեգնուհին մեջ բերավ մի վազան չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթված ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.


— Այն, ինչ որ ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի և այս վազան չոր ճյուղը գալարի։


Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց.


«Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան ամուսնացնել, նա ասաց. «Հայր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։


Այս ասաց աղջիկը և դառնալով կաքավին՝ հարցրեց.


— Այսպես չէ՞, կաքավ։


Կաքավը պատասխանեց.


— Այդպե՛ս, տիրուհի։


Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց.


— Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։


Վազը գալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։ Աղջիկը շարունակեց.


«Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը մի ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը, եղեգն իսկույն աղջիկ դառավ և ընկղմվեց գետի մեջ»։