Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այդպես չէ՞, կաքավ։


— Այդպե՛ս, տիրուհի:


— Վա՞ղն, ուրախացիր, խաղող վեր կալ:


Կաքավն սկսեց խորովվել, իսկ վաղը խաղող վեր կալավ: Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե շոգ է, չի կարող նստիլ, տուն է ուզում գնալ։


— Շատ ես շտապում,– ասաց թագավորը,– հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։


Աղջիկը շարունակեց.


«Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցը դուրս գալ: Թագավորն ասաց. «Այստեղ սպասիր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։ Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արաբ էր արդյոք, թե՛՝ խափշիկ, բոշա էր, թե՝ ղարաչի, խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը, խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան թագավորին հարսնացու»։


— Այդպես չէ՞, կաքավ։


— Այդպե՛ս, տիրուհի։


— Վա՛ղն, ուրախացիր, խաղող վեր կալ:


Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ:


— Դա սատանա է,— ասաց,— և ինչ որ ասում է, բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։


— Լավ,– ասաց թագավորը,— դու կարող ես գնալ տուն: Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և լավ պահպանեցեք մինչև մեր գալը:


Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան էլ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և քարեքար տալու սատկեցրին։ Չարն այնտեղ բարին այստեղ։