Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պակաս, այդ աստված գիտե. Թաթուխն ուզեց գնալ դեպի իր ծննդարանը, որ տեսնե՝ ի՞նչ վիճակի մեջ են այժմ իր ծնողները, իր այս միտքը հայտնեք իր նոր հորն ու մորը, նրանք էլ կամք տվին այն հուսով, որ շուտով կվերադառնա։ Թաթուխը մի աման կաթով լցրեց, դրեց թարեքին, հորն ու մորն ասաց.— Նայեցեք այս կաթին. երբ որ տեսնեք գույնը փոխել է, կարմրել է կամ սևացել, իմացեք, որ ես մի նեղության մեջ եմ, իսկույն կարձակեք իմ Զանգին և Զրանգին, նրանք ինձ օգնության կհասնեն։

Թաթուխը գնաց և հասավ երեք ծիրանի ծառերին, որոնք արդեն շատ բարձրացել և ահագին կոկ ծառեր էին դառել։ Իջավ այդտեղ, փոքր-ինչ հանգստացավ և հետո գնաց իր ծննդարանը։ Ի՞նչ ծննդարան… էլ ոչ մի շունչ չկար կենդանի, ամբողջ գյուղը մնացել էր կանգուն, բայց մեջը բնակիչ չկար։ Թաթուխը ձիով էր գնում, հետն էլ մի խուրջին ուներ ճամփի պաշարով լիքը։ Ձին քշեց ուղղակի դեպի իրանց տուն և իջավ դռանը։ Մտավ ներս, և ով հրաշք, տեսավ իր քույրը նստած իրանց օջախի առջև, և ուրիշ ոչ ոք։ Քույրը վեր կացավ, փաթաթվեց եղբոր շլնքին, ասելով.

— Դու բարո՜վ ես եկել, հազա՜ր բարով, իմ եղբայր, իմ աչքի լույս, ո՞ւր էիր, ինչո՞ւ ուշացար այսքան։ Այս ասաց քույրը և շտապով դուրս եկավ դուռը։

Տեսավ ձին կապած, խուրջինը վրան։ Խուրջինն ամբողջ կուլ տվավ և ներս գնաց եղբոր մոտ ու հարցրեց.

— Եղբայր ջան, քեզ մատաղ, առանց խուրջինի ես եկել։

— Այո՛,— պատասխանեց Թաթուխը և իսկույն հասկացավ, որ խուրջինը կուլ է տվել։

Քույրը մեկ էլ դուրս եկավ և ձիու մեկ ոտը կերավ ու ներս գալով հարցրեց.

— Եղբայր ջան, քեզ մատաղ, ձիդ երեք ոտով ես բերել։

— Այո,— պատասխանեց Թաթուխը։

Քույրը դուրս գնաց և ձիու երկրորդ ոտն էլ կերավ և ներս գալով հարցրեց։

— Եղբայր ջան, քույրդ քեզ մատաղ, ձիդ երկո՞ւ ոտով ես բերել…

— Այո՛,— պատասխանեց եղբայրը։

Քույրն շտապով դուրս գնաց և երրորդ ոտը կերավ, էլի ներս գալով հարցրեց.

- Եղբայր ջան, ձիդ մի՞ ոտով ես բերել։