Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Այո՛,– ասաց Թաթուխը, որի սիրտն արդեն սկսել էր դողդոդալ։ «Ձին ուտելուց հետո պիտի ինձ էլ ուտի. ի՞նչ պիտի անեմ, ես ինչպե՞ս պիտի ազատվեմ», մտածում էր նա։

Քույրը դուրս գնաց, չորրորդ ոտքն էլ կերավ, էլի ներս եկավ և հարցրեց.

- Եղբայր ջան, ոտքո՞վ ես եկել։

- Այո, քույրիկ ջան, ոտքով եմ եկել, ոտքով էլ պիտի գնամ, բայց չգիտեմ, պիտի թողնե՞ս, թե ոչ։

— Վու. քոոանամ ես. եղբայր ջան, ինչպես կթողնեմ, ահա քանի տարի է աչքս քո ճանապարհին է, թե երբ պիտի եղբայրս գա, որ սրտիս մեջ տեղ տամ նրան։ Ով գիտե քաղցած ես, սպասիր, ես գնամ քեզ համար հաց բերեմ։

Քույրը դուրս գնաց թե չէ, տան անկյունից մի աքաղաղ դուրս եկավ և ասաց Թաթուխին.

— Ա՛յ տղա, քույրդ գնաց ատամները սրելու, որ գա քեզ ուտի. ճար ունես, տես։

— Ի՞նչ ճար անեմ, չգիտեմ,- ասաց տղան։

Աքաղաղն ասաց.— Մուշտակդ հանիր, մեջը մոխրով լցրու, հերթիցը կախ արա, ինքդ դուրս եկ, փախիր։ Նա կգա՝ կընկնի մուշտակիդ վրա, աչքերը մոխրով կլցվեն, մինչև նա աշքերը կմաքրե, դու բավականին տեղ գնացած կլինիս։

Ինչպես ասավ աքաղաղը, տղան էլ այնպես արավ ու փախավ։

Աղջիկը եկավ, տեսավ՝ եղբայրը չկա, մուշտակն ընկավ աչ–քովը, կարծեց՝ նա ինքն է եղբայրը, գազանի պես վրա ընկավ. քրքրեց, մոխիրը թափվեց վրան և աչք ու բերան լցրեց։ Տեսավ որ խաբված է, սաստիկ կատաղեց, շուտով թափ տվավ մոխիրը, աչքերը սրբեց ու վազեց եղբոր հետևից։

Թաթուխը բավական հեռացել էր, ետ մտիկ տվավ, տեսավ քույրն արդեն հասվեհաս է, ինքն էլ ջանք արավ, հասավ ծիրանի ծառերին և մագլցեց մեկի վրա։

Քույրը հասավ, փորձեց ինքն էլ բարձրանալ ծառի վրա, չկարողացավ. սկսեց ատամներով կրծել ծառի բունը և այնքան կրծեց, որ բոլորովին կտրեց։ Կտրած ծառն ընկավ երկրորդ ծառի վրա, տղան էլ նույն ծառի ծայրին նստեց։ Աղջիկն սկսնց կրծել երկրորդ ծառը։ Սա էլ կոտրվեց, ընկավ երրորդ ծառի վրա։ Աղջիկն սկսեց կրծել երրորդ ծառը։