Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս մեջոցին Թաթուխի հայրագիրն ու մայրագիրը նայեցին նշան գրած կաթին, տեսան որ կարմրել է, իսկույն արձակեցին Զանգի-Զրանգին։ Մտերիմ գազաններն իսկույն գտան իրանց տիրոջ հետքը, տեսան թե ո՞ր կողմն է գնացել և ինչ ճամփով, հսկայական ոստյուններ անելով մի ակնթարթում հասան իրանց տիրոջը։ Վերջին ծառն արդեն ընկնելու վրա էր, երբ որ նրանք հասան։ Թաթախը նրան, տեսավ թե չէ՝ կանչեց վերևից.


— Զանգի-Զրանգի, հենց հուփ տվեք, հենց կուլ տվեք, որ մի պուտ արյուն կաթի:


նրանք էլ այնպես հախռեցին աղջկանը և այնպես կուլ տվին, որ միայն մի պուտ արյուն կաթեց մի տերևի վրա։


Տղան իջավ ծառիցը, Զանգի–Զրանգին փաթաթվեցին նրա ոտներին և կաղկանձելով հայտնեցին իրանց ուրախությունը տիրոջ ազատության համար։ Թաթուխն էլ նրանց գլխները շփեց և հայտնեց իր շնորհակալությունը, հետո արյունոտ տերևը վերցրեց, ծալեց, դրավ ծոցումը և ընկան ճամփա։


Շատ գնացին թե քիչ, սրանք հանդիպեցին մի քարավանի։ քարավանի տերը որ տեսավ Թաթախի շները, շատ հավանեց և ասաց մտքումը,— Եթե այս առյուծանման շներն իմս լինին, էլ հարամուց երկյուղ չեմ ունենալ, հարյուր հարամի (քարավան կտրող ավազակ) էլ որ լինին, սրանք երկուսով ամենի պատասխանն էլ կտան։


Հետո դառնալով Թաթուխին՝ ասաց.


— Ա՛յ տղա, եկ այդ շները տուր ինձ, քանի ջորի որ ուզես, իմ քարավանից վերցրու իրանց բեռներով։


— Բոլոր քարավանդ էլ որ տաս, էլի չեմ տա,— ասաց Թաթախը։


— Ուրեմն դու քո երկու շներով ավելի հարուստ ես, քան թե ես իմ ահագին քարավանով։


— Կարծեմ որ այդպես է,— պատասխանեց Թաթուխը։— Քո ահագին քարավանը քո կյանքը չի փրկիլ, դեռ կարող է քո մահվանդ էլ պատճառը լինել, որովհետև եթե հարամիքը գան, առաջ քեզ կսպանեն, հետո ապրանքդ կտանեն, իսկ իմ կյանքս ապահով է, քանի որ սրանք կան։ Ուզենամ՝ այս րոպեիս քո բոլոր քարավանդ ձեռիցդ կխլեմ սրանց օգնությամբ, բայց ես հարամի չեմ, որ այդպես անեմ: