Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես խոսելով բավական տեղ գնացին, հետո քարավանի տերն ասաց.

— Որովհետև շներդ ինձ չես տաշիս ոչ մի գնով, եկ ես քեզ մեկ հեշտ բան կասեմ. եթե իմանաս, իմ քարավանը քեզ, իսկ եթե ոչ՝ քո շներն ինձ։

Թաթուխն ասաց.– Համաձայն եմ. ասա՛, տեսնեմ՝ ի՞նչ պիտի ասես։

— Ահա՛, տես իմ այս ձեռիս գավազանը, եթե իմանաս, թե սա ինչի՞ է, իմ քարավանը քեզ, իսկ եթե չիմանաս, քո շներն ինձ։

— Շատ բարի,– ասաց Թաթուխը և սկսեց իր գիտեցած բոլոր ծառերի անունը տալ, ասելով—հոնի է, զկռի է, սզնի է, բոխի է, աճարքի է, լորի է, թխկի է, տկողնի է, կաղնի է…- և այսպես շատ ծառերի անուն տվավ, մինչև որ բոլոր գիտցածը հատավ, բայց ոչ մեկն էլ այն չէր:

— Ուրեմն շներն իմն են,— ասաց քարավանի տերը.- կապիր դրանց և տուր ինձ։

— Սպասիր, դեռ էլի մտածեմ,— ասաց Թաթուխը.— մի ծառի անուն գիտեմ, ահա լեզվիս ծայրին է, բայց ուղիղ միտս չի գալիս, որ ասեմ, հաստատ գիտեմ, որ այն պիտի լինի։

Այս միջոցին ծոցումը մի բան սկսեց ճրրալ ու վերջը որոշ ձայնով ասաց.

— Ճըըր… ճըըը ճա՛պկի, ճըը ճա՛պկի, ճապկի։ Այս ասողը ծոցումը դրած արյունի կաթիլն էր։

— Գտա՜, գտա՜,— բացականչեց Թաթուխը և գավազանից բռնելով՝ ասաց՝ ճապկի է։

— Գտար,— ասաց քարավանի տերը, քեզ արժանի է իմ քարավանը։

— Բոլոր քարավանդ ինձ հարկավոր չէ, — ասաց Թաթուխը.– ես մի հովիվ մարդ եմ, վաճառական չեմ, մի բեռը շորեղեն տուր, տանեմ ինձ համար աղջիկ ուզեմ, պսակվեմ, այդ էլ բավական է ինձ։

Քարավանի տերն ընտրեց ընտիր ճոթեղեն և ինչ զարդ ու ու զարդարանք, որ պետք է հարսի ու փեսայի համար, բարձեց մի ջորու վրա և տվավ Թաթուխին։

Մի քիչ որ հեռացավ Թաթուխը, տեսավ, որ ծոցումը մի բան է պրպտում։ Ձեռքը ներս տարավ որ տեսնի՝ ի՞նչ է, և դուրս քաշեց