Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի ահագին օձ։ Արյունի կաթիլը դարձել էր օձ և գլուխն արդեն հանել էր և մեկնել դեպի Թաթուխի բուկը։ Թաթուխը դեն շպրտեց այդ օձը, որ ամեն մի վայրկյանում հաստանում և երկարում էր, որ վիշապ դառնա, և ասաց իր շներին.

— Զանգի-Զրանգի, հենց հուպ տվեք, հենց կուլ տվեք, որ մի պուտ արյուն չկաթի։

Շներն այդպես էլ արին և վիշապ աղջկա հետքը կտրեցին:

Թաթուխը հասավ տուն ամեն բարիք բարձած ջորուն։ Իր համար աղջիկ ուզեց, պսակվեց։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

1890

ԱՍԼԱՆ-ԲԱԼԱ

1

Եղել է չի եղել մի թագավոր։ Մեկ օր այս թագավորի որսորդներից մեկը գալիս է իր մոտ և ասում.

— Թագավորն ապրած կենա, ես էսօր մի զարմանալի բան տեսա մեր որսորդության անտառում։ Մի էգ ասլան տեսա և նրա հետ մի մանուկ յոթ կամ ութ տարեկանի չափ։ Մանուկն ու ասլանը խաղում էին իրար հետ, ինչպես մայր ու որդի։ Մեկ ուզեցի նետ ձգել, ասլանին սպանել, բայց մեկ էլ վախեցի, ասացի՝ վա՛յ թե մանուկին դիպչի կամ ասլանը վիրավորվի ու հարձակվի վրաս. սրա համար սուսուփուս ետ փախա։

Այս որ լսեց թագավորը, շատ զարմացավ և հրամայեց, որ մի քանի հազար մարդով գնան շրջտպատեն անտառը, ասլանին սպանեն կամ փախցնեն, իսկ երեխային ողջ-ողջ բռնեն, բերեն։

Թագավորի հրամանը կատարվեց։ Երեխային բռնեցին և բերին։ Մի կայտառ և սիրուն տղա էր. աչքերը խոշոր, ճակատը լայն, գանգուր մազերը առյուծի ճանկերով սանրված ու փռված ուսերի վրա, մեջքը բարակ, կուրծքն ու թիկունքը լայն: