Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երգերով, նրան կանչում օգնության: Անտես-Աննմանը, պատկերանում էր նրա երևակայության մեջ իր աննման գեղեցկությամբը: Նա աչքերը խփում էր այդ ժամանակ, ծունկ չոքում, փառաբանում, զմայլում այն աստիճան, որ ուշքը գնում էր գլխից, նվազում, վայր ընկնում։

Այս այն սերը չէ, որ մեր ժամանակ մեր աշխարհումը կա: Սա սեր էլ չէ իսկապես, այլ մի զորեղ փափագ, մի ուժգին իղձ, մի սաստիկ ցանկություն, մի մուրազ և ուրիշ այնպիսի զգացում, որ մարդ ունենում է իր սրտի ուզած երջանկությունը ձեռք բերելու համար։ Այսպիսի իղձ մարդ կարող է ունենալ և ուսում, գիտություն ձեռք բերելու համար, իր հղացած նշանավոր միտքը իրագործելու համար և ուրիշ շատ բաների։

Հին ժամանակները քաջ երիտասարդները իրանց հերոսությունը նրանով էին ցույց տալիս, որ սար ու ձոր էին ընկնում և իրանց ուզած լավ բանը ձեռք բերում կամ մտքում ը դրած քաջությունը կատարում։ Իհարկե, այդ բաների ձեռք բերելը պետք է շատ դժվար լիներ և ոչ խաղ ու պար, պետք է ամեն մարդու գործ չչիներ. եթե ոչ՝ էլ ի՞նչ քաջություն, էլ ի՞նչ հերոսություն կարող էր համարվել։

4

Արսենից չէր կարող ծածուկ մնալ Վուրգի սրտմաշությունը: Նա հեռվից հսկում էր և տեսնում էր ամեն բան։ Նա այս բանը լավ առիթ էր համարում թե՛ իր քաջությունը փորձի ենթարկելու և թե՛ ցույց տալու իր անհուն սերը, որ ուներ դեպի Վուրգը։ Եվ ահա մեկ օր գտնում է նրան անտառումը և ասում.

— Եղբայր, ես տեսնում եմ, որ դու հալումաշ ես լինում, ինձանից ինչո՞ւ ես թաքցնում քո վիշտը։ Էլ ես ո՞ր օրվա համար եմ, որ քեզ քո մուրազին չհասցնեմ։ Երթա՛նք, երթա՛նք, լավ է հուսով մեռնել գործի մեջ, քան թե անհույս սատկել անգործության մեջ։ Պառավի անեծքը իսկապես անեծք չէ, այլ մի շատ գեղեցիկ օրհնություն: Եթե նա անիծած չլիներ, դու և այդ օրը չէիր ընկնիլ և ոչ էլ ուրեմն կաշխատեիր ձեոք բերել աշխարհիս ամենից գեղեցիկը: