Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ամեն բան հայտնի է ինձ։ Շատ ցավում եմ, որ այդպիսի մի ցնորական վիշտ է ընկել որդուս սիրտը, բայց չեմ կարող թույլ տալ ձեզ։ Այդ չտեսնված աղջկան համար շատ թագավորների որդիք են կոտորվել, շատ զորք է փչացել, ես ինքս մասնակցել եմ այդ կռիվներին, օգնության եմ գնացել ուրիշներին։ Նա կենում է Յոթը-Լեռան քամակին, Սև Բերդումը։ Քառասուն եղբայր ունի՝ մեկը մյուսից աժդահա։ Քառասուն գունդ զորք էլ որ լինի, նրանց ոչինչ չեն կարող անել։ Ամեն մեկը մի ահագին կաղնի ծառ պոկած՝ զորքերին այնպես են սրբում պատերազմի դաշտում, ինչպես մենք սրբում ենք մեր կալերը ցախավելով։ Ի՞նչ խելք կլինի ուրեմն ձեր կողմից, գնալ և այդ դևերի ճանկն ընկնիլ:

— Ներիր ինձ, հայր թագավոր, որ համարձակվեմ քեզ հետ վիճել,— ասաց Արսենը։ — Ոչ մի ուժ աշխարհիս երեսին չի կարող աստուծո կամքին հավասարվիլ: Ուժն աստծու ձեռին է, երբ ուզենա, կզորացնե, երբ չէ՝ կթուլացնե և զորեղ դևին մի երեխա կշինե։ Դու ասում ես, շատերն են կռվել և հաջողություն չեն ունեցել. բայց արդյոք այդ շատերի մեջ եղե՞լ է մի մարդ, որ իր սնունդն առյուծից լինի առած։ Ով տվավ առյուծին այդ գութը, որ ինձ պահե, պահպանե, եթե ոչ աստված։ Արդյոք այդ կռվողների մեջ եղե՞լ է մեկը, որ Վուրգի նման սիրահարված լիներ և կամ մի որևէ պառավ իր անեծքով կամ օրհնությունով նրա մեջ ձգած լիներ Աննմանի սերը։ Ինչո՞ւ չկարծել, որ այս հիշած բոլոր դեպքերի մեջ մի աներևույթ կապ կա, և դրանք նրա համար են այսպես միացել, որ ձեռք բերեն այն, ինչ որ ուրիշները չեն կարողացել։

— Շատ խելոք ես խոսում, Արսեն,— ասաց թագավորը, դու լավ պատգամախոս կլինես և ամեն հրաշագործություն կհաջողի քեզ, քանի որ քո մանկությունն ինքը մի հրաշք է։ Բայց պետք է գիտենաս, որ քուրմ է եղել թե հրաշագործ, թագավորի հրամանովն են անում, ինչ որ անում են, իսկ թագավորը նրանց գործ է դնում իր օգտին, առանց նրանց ինքն անձամբ հավատալու։ Դու կարող ես, այո՛, քրմապետ լինել, բայց ոչ ինձ հավատի բերելու համար։ Իմ ասածը ասած է։

— Հայր,— խոսեց Վուրգը,— միևնույն է, եթե չգնամ էլ, այս ցավով պիտի մեռնիմ ես։ Ես արդեն մեռած կլինեի, եթե Արսենի հուսատու հորդորները չլինեին։ Եթե թույլ չտաս մեզ գնալ, իմ հու