Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դունում ձեր հուրերին: Կուզե՞ս մի կտոր միս տամ, կեր: Այս ասելով՝ մի մեծ կտոր մոտեցրեց հսկային բերանին:


— Իսկ դուք այդպե՞ս եք հյուրասիրում ձեզ մոտ եկողին,– ասաց հսկան: - Արձակեցեք և այնպես հրավիրեցե՛ք ինձ ճաշի:


֊Բայց հետո, խոսք տալի՞ս ես,-ասաց,-որ չես փախչիլ և քո եղբայրներին իմաց տալ: Կամ եթե խոսք էլ տաս, ո՞վ կհավատա քո խոսքին: Բայց որ հավատաս, թե մենք վատ մարդիկ չենք, տես այս թուրը, մի հարվածով կարող էի այս րոպեիս թռցնել գլուխդ, բայց կյանքդ քեզ եմ բաշխում, որովհետև իմ պարոնն այսպես է կամենում, արյուն թափելու հրաման չի տալիս:


Այս խոսակցության ժամանակ, մեկ էլ տեսան, որ մի ուրիշ հսկա էլ է գալիս։ Նա որ տեսավ իր եղբորը ծառից կապած, շանը դող ընկավ, բայց ավելի էլ բարկացավ, քան առաջինը, և առանց հարցուփորձի, ուղղակի հարձակվեց մեր տղայոց վրա: Արսենն առաջ ընկավ և նրա ականջներն էլ գցեց ճանկը և չոքեցրեց առջևը,

ասելով.


— նախ երկրպագություն տուր մեզ. մենք հասարակ հողեղեն չենք, այլ ձեր հոգեառ հրեշտակներն ենք:


Այս խոսքի վրա ահագին հսկան այնպես դողդողաց, ինչպես մի նապաստակ որսկան շան ճանկերում: Սրան ավելի հեշտությամբ կապռտեցին եղբոր կողքին։


Հետո եկան երրորդը, չորրորդը, մինչև յոթներորդը։


— Ո՞ւր են ձեր մյուս եղբայրները,— գոռաց Արսենը,— թող գան ձեզ օգնեն,


— Էլ ուրիշ եղբայր չունինք,— ասաց ամենից մեծը.— այս ենք որ կանք։


— Շատ լավ,— ասաց,— հիմա ի՞նչ փրկանք կտաք մեզ, որ ձեզ ազատենք։ Տեսնո՞ւմ եք ահա, որ ձեր կյանքը մեր ձեռին է, մի-մի հարվածով կարելի է թռցնել ձեր բոլորիդ գլխները։


Եվ Արսենն սկսեց թուրը շողշողացնել նրանց գլխներին... Այս միջոցին մի ձայն հասավ Արսենի ականջին։


— Ո՚հ, խնայեցեք, խնայեցեք իմ եղբայրներին. այդ դուք չէիք, որ հաղթեցիք դրանց, այլ ճակատագիրը։


Արսենը ետ մտիկ տվավ և տեսավ, որ մի աղջիկ է գալիս՝ սպիտակ քողն երեսին։


— Ես գործ չունիմ նրա հետ,— ասաց Արսենը Վուրգին,— նա քո բաժինն է, ինչ կուզես՝ արա։