Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վորը դարձավ եզնատիրոջը և հարցրեց, թե ինչ ունի ասելու, նա իրան համր ձևացրեց և ձեռքով հասկացրեց դատավորին, որ լեզու չունի:

— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու, վկաներ բեր, որ քո գանգատդ ուղիղ է։

— Տեր իմ,— պատասխանեց էշատերը,— սա սուտ է համր ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե մի կողմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա…

— Շատ լավ, ինչո՞ւ ուրեմն չկատարեցիր այդ մարդու ասածը. ուրեմն ի՞նչ ես ուզում սրանից։

Հետո դատավորը եզնատիրոջը հարցրեց, թե ինչու է համրանում, քանի որ խոսել գիտե։

— Տեր իմ, այս իմ խելքի բանը չէր,— պատասխանեց եզնատերը,— այլ աստուծո ողորմությունն էր, որ ինձ վրա հասավ մի երեխայի բերանով։ Երբ որ այս մարդը ինձ քաշքշելով ձեզ մոտ էր բերում, մի շնորհալի մանուկ կանչեց հետևիցս, «եզան տերը համրանա»։ Ես էլ նրան լսելով համրացա և ահա, ինչպես տեսաք, այդ մարգն իր բերանով խոստովանեց, որ ես քանի անգամ կանչեցի իրան, թե էշդ մի կողմ քաշիր, եզս գիժ է։

— Շատ լավ, գնա՛,— ասաց դատավորը,— դու արդար ես. միայն այն երեխային ուղարկիր ինձ մոտ, ես կուզեմ տեսնել նրան։

Այս դեպքից հետո հայտնի եղավ շատերին, որ իրանց մեջ մի իմաստուն մանուկ կա, և ով որ տեսնում էր նրան՝ գլուխ էր վայր բերում, ինչպես մեծ մարդու, և հարգում ու պտտվում նրան, ինչպես աստուծո ընտրածի։


Բուն բարեկենդանի կիրակի երեկոն էր։ Ամեն տան մեծ խնդություն և ուրախություն կար։ Տխուր էր միայն քաղաքի մեջ մի նշանավոր կին իր աղախնու և երեխանց հետ։ Դրանք ոչինչ չունեին ուտելու։

Տիկնոջ մարդը երևելի հարուստ վաճառական էր։ Երևար ժամանակ էր, ինչ որ հեռացել էր քաղաքից և կնոջ համար ապրուստ չէր ուղարկել։ Կինն սկսել էր տան կահույքը քիչ-քիչ ծախել և նրանով կառավարվել էր մի կերպ, վերջն սկսել էր ձեռագործություն անել, բայց դրանով այնքան վարձատրություն չէր ստա