Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Թանաք քսեցեք սրա ամբողջ բռունցքին և նրանով թող դրոշմի թղթի վրա քարի մեծությունը։

Հրամանը կատարվեց։ Թազա-հարուստը սուտ վկաներ վարձելով՝ նրանց ասել էր, քար է եղել իր ստացածն ու տվածը, բայց մոռացել էր ասել, թե ինչպիսի քար էր։

— Հիմա տարեք սրան իր սենյակը և մյուս վկային բերեք։ Մյուս վկան էլ ցույց տվավ, որ քարի մեծությունը մի թաթաչափ էր, ձևը տափակ էր, գույնը՝ սև։ Երրորդ վկան ցույց տվավ, որ քարի մեծությունը եղունգի չափ էր, գույնը կարմիր, ձևը քառանկյունի։

Մանուկ֊խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

Բոլոր հանդիսականները միաձայն գոռացին.

— Կախեցե՜ք դրանց, կախեցե՜ք, խեղդեցե՜ք, սպանեցեք։

— Սպասեցեք,— ասաց Մանուկ-խանը և դառնալով ուրացողին՝ ասաց.

— Այս րոպեիս ետ դարձրու այս մարդի ապրանքը, և քեզ կազատեմ, եթե ոչ կհրամայեմ, և իսկույն կգլխատեն քեզ։

Թագավորի մոտ գնալիս ուրացողը գոհարը տարել էր հետը, որ եթե բանը բացվի, ետ դարձնե։ Ծոցիցը հանեց գոհարը և տվավ Մանուկ-խանին։

Մանուկ֊խանն էլ գոհարը հանձնեց տիրոջը և ստորագրություն առավ, որ իր ապրանքն ստացավ։

Ժողովուրդը շատ գոհ մնաց այդ արդար դատաստանից և Մանուկ-խանին գովասանելով մինչև երկինք բարձացրեց։ Այս դատաստանի լուրը հասավ մինչև թագավորի ականջը։ Թագավորը կանչեց Մանուկ-խանին և ամեն բան մանրամասն իմանալով՝ մեծ պարգևներ տվավ նրան և իր մեծ իշխանների կարգը դասեց։

Մինչև այսօր էլ Մեծ պասի երկուշաբթի օրը շատերն են խան դառնում Թիֆլիսում, բայց Մանուկ-խանի պես խան միայն մեկ անգամ է եղել և այլևս չի կրկնվել։