Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ


Արվեստով վիպասան մի երիտասարդ խոր քնի մեջ ընկղմած երազումը մի նոր վեպ էր գրում, իսկ նրա մոտ Ուրիելն ու Հերմեսը նստած վիճում էին իրար հետ։ Երիտասարդը երազում լսում էր նրանց վիճաբանությունը և գրիչը վայր դրած՝ ականջ էր դնում։

— Այս խեղճին դու ես այսչափ հիմարացրել, որ երազումն էլ վեպ է գրում,— հանդիմանում էր Հերմեսը Ուրիելին։

— Հիմարացնելը քո արվեստն է,— պատասխանեց Ուրիելը,– ես միայն խելոքացնել կարող եմ։ Ասա խնդրեմ, մի՞թե հիմարություն է վեպ գրելը։

— Մի՞թե պատասխանի կարոտ է ասածդ, չա՛ր։ Մեկ մարդ մինչև հիմար չլինի, ինչպե՞ս կարող է տակից գլխից դուրս տալ, հազար տեսակ չեղած բաներ հնարել, անհամ, անալի սուտեր կարկատել, որպեսզի կարողանա մի ավելի խոշոր սուտ ճշմարտի տեղ անցկացնել։

— Զարմանայի արարած ես դու, Հերմես, քո ստեղծողն էլ պիտի կարծե, թե բանի նման է շինել քեզ։ Մի արարած, որ ի բնե միամիտ լինի ստեղծված, ի՞նչ գաղափար կարող է ունենալ իմաստության մասին, և իզուր չէր ասում Ապոլոնը, թե աշխարհի մարդիկ ավելի են իմաստուն, քան թե Օլիմպի բնակիչները։

— Դու անհաղթելի ես և չար, երբ քեզ հետ խոսենք մարդկային լեզվով և մարդկային հասկացողությամբ, որովհետև դու ծռել ես մարդկային գաղափարը չարի ու բարու մասին, և եթե նրանց դատաստանին դիմենք, ամենքն էլ կասեն, թե Ուրիելն է ուղիղ ասում։ Բայց եթե դու մի կտոր խղճմտանք ունենայիր, կխոստովանեիր, որ ոտքից մինչև գլուխ խարդախություն ես և խաբեբայություն։

— Լսիր, հոգիս, դու շատ միամիտ ես։ Եթե կա մի բան, որ մարդիկ ծուռ են հասկանում, այդ այն է, որ քեզ բարի են համարում, իսկ ինձ՝ չար, մինչդեռ քեզ պետք է հիմար անվանեին, իսկ ինձ՝ իմաստուն, քեզ պետք է համարեին տգիտության պաշտպան, իսկ ինձ՝ գիտության և իմաստության, քեզ պետք է համարեին հոգեառ և հոգեհան, իսկ իևձ՝ կենսատու, քեղ՝ ամլություն, իսկ ինձ՝ աճելություն։ Ո՞վ է տվել մարդկանց գիտություն բարվո, ո՞վ է