Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օր կփշրվեն իսպառ և ես կիշխեմ ամենքի վրա, իբրև զուտ հանճար և կլինեմ միահեծան տեր։

— Եվ այնուհետև չես ճանաչիլ քո ստեղծողին, քո տիրոջը, չես հպատակիլ նրա կամքին։

— Նա քեզ պես հիմար չէ, մեծ է նրա տիեզերքը, լայն է նրա սիրտը, նա թույլ կտա, որ ես իշխեմ նրա անհուն աշխարհների մի չնչին հյուլեի վրա և կառավարեմ իր տիեզերական օրենքի համեմատ։

— Օ՜, սատանա, սատանա, որքան խորամանկություն կա քո մեջ։ Քո բոլոր ասածներդ այս մարդը լսում է երազումը և Ադամի պես խաբվում. քո բոլոր ասածներդ նա ընդունում է իբրև զուտ ճշմարտություն։

— Եթե կարող ես հերքել, հերքիր ասածներս, թող չմոլորվի այս մարդը, իսկ ես սրա ականջին այս կասեմ որ եթե ուզում է շնորհալի գրող դաոնալ, թող իմացած լինի, որ սատանա ասվածը գրողների փիրն է, առանց սատանայի օգնության շնորհքով բան գրել կարելի չէ, աշխարհիս բոլոր հանճարները իմ ամենասիրելի բարեկամներն են եղել, միայն նրանք են հասկացել, թե որպիսի բնավորություն ունիմ ես, ինչքան ինքնուրույն, ինչքան անկախ, ինչքան ազատ։ Գյոթեն ինձ դիմեց իր Ֆաուստը գրելու համար, Բայրոնը՝ իր Մանֆրեդը, Շեքսպիրն՝ իր Մակբեթն ու Համլետը և նույնիսկ բոլոր մյուս գրվածները. Շեքսպիրի գլխում իմ ոգին էր խաղում շարունակ, նա մի դև էր մարդկային մարմնով, Լերմոնտովն ինձանով միայն կարողացավ ինձ գրել…

— Բայց մեկը կար, որին չկարողացար մոտենալ, չա՜ր, և որ քեզ բացեիբաց մերժեց և հալածեց։

— Այո՛, բայց նրա ջգրու ես մոտեցա Մահմեդին և նրա համար մի զորեղ հակառակորդ ստեղծեցի, մոտեցա Լութերին և պապի իշխանությունը կործանեցի, մոտեցա Կոլումբին և նրան Ամերիկա հասցրի, մոտեցա Ֆրանկլինին և նրան մի նոր Պրոմեթևս շինեցի, հափշտակել տվի երկնքի շանթը և մարդկության ձեռքին գործիք շինել տվի… Օ՜, անթիվ են իմ տված բարիքներս, բայց էլի ինձ չար են ասում հիմարները։

— Եվ հիրավի, շա՜տ չար ես։

— Իսկ դու, խոստովանում եմ, շատ բարի ես, դու, որ կաս, քո տիրոջ ջրկիրն ես, մի ողորմելի արարած, որպիսին դու ես մեկ էլ որ կաս։