Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես մի նոր արև ծովի խորքերից.
Ոսկեմազ ծամերը՝ ճաճանչի նման՝
Ծածկեցին մինչև ոտք հասակն աննման.
Երեք-չորս նաժիշտներ մոտեցան կուսին,
Տոն օրվա հագուստով նրան զուգեցին։
Նոր տեսած երազը գրավել է նրան,
Մտքիցը չի ընկնում ահռելի հսկան.
«Մենք շուտով, ասում է, մեկ հյուր կունենանք.
«Պետք է նրա առջև դուռը չըբանանք.
«Ես տեսա երազում մի մարդ ահարկու,
«Եկել էր ոտքս ընկել՝ իբրև փեսացու»…
— «Այդ հսկան, թե կուզես իմանալ ճիշտը,
Ասում է ժպտալով նըրա նաժիշտը,—
Երեկվա գուսանի երգի հերոսն է,
Պասքամյան աժդահա Անգեղյան Տորքն է,
Պարխարյան լեռներում՝ երգչի ասելով՝
Կենում է մի հովիվ քաջ Տորք անունով.
Նա մի շատ հաղթանդամ հսկա է զորեղ,
Բայց սիրտը բարի է, թեև դեմքն ահեղ.
(Թող մարդս կոշտ լինի անհարթ սարի պես,
Բայց սիրտը չըլինի անշունչ քարի պես).
Նրան շատ սիրում են թե մարդ, թե գազան,
Առյուծ ու վագրեր են հոտին պահապան,
Նա խոմ քո ցեղիցդ է, քեզ մոտ, ազգակից,
Մի պապի թոռներ եք և մեկ արյունից.
Գուսանի ներբողը ազդել է վըրադ,
Երազում տեսել ես ազգակից հսկադ»։
— «Դուք պատրաստ մնացեք, ինչ էլ որ լինի,
Թող վրաս ունենամ իմ թուրն հավլունի,
Ամրոցի դռները ամուր փակեցեք,
Լըվացեք գլխներըդ, մաքուր հագնվեցեք.
Ես գիտեմ, երազս պիտի կատարվի,
Մենք հյուրին կընդունենք, եթե ներս մտնի,
Թե փակած դռնովը ներս գալ կարենա,
Այդ նշան կըլինի, որ քաջ Տորքն է նա»։
Իրավ որ քաջ Տորքն էր երազի հսկան,
Ե՛կ գնանք, ընթերցող, և բերենք նրան։